Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի» -ին որոշել է ներկայացնել իր գաղափարախոսությունը

Քաղաքականություն
erkir-tsirani

«Մեծ Հայրենազրկումից և Մեծ Տրոհումից դեպի Մեծ Միացում» վերտառությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացրել է իր գաղափարախոսությունը և սկզբունքները, ինչպես նաև  մոտեցումները.   «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ և ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԻՑ և ՄԵԾ ՏՐՈՀՈՒՄԻՑ ԴԵՊԻ ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ   1. Մեր ծագումը. որտեղի՞ց ենք մենք գալիս Մենք չպետք է մոռանանք, որ ազգ ենք, ոչ թե համայնք: Ազգ, որն ունի պետականություն, հինավուրց արժեքներ ու նպատակներ: Ազգ, որն ունի քաղաքական և քաղաքակրթական առաքելություն: Ազգ, որի քաղաքական ու քաղաքակրթական առաքելությունը տարածվում է Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների վրա: 2. Մեր նորագույն քաղաքական անցյալը և ներկան Մարդկությունը, և մենք այդ թվում, արդեն քանի հազարամյակ ապրում է և´ ճգնաժամային, և´ անցումային փուլերում: Հայ ազգի համար նորից եկել է ցնցում ապրելու և անցում կատարելու ժամանակը: Մենք գտնվում ենք նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի մեջ, որի բաղկացուցիչ մասն է կազմում դարերից եկած Արևելյան հարցը (Սիրիա, Իրաք, Քրդստան, Թուրքիա և, իհարկե, Հայաստան): Սակայն մենք նոր հասարակարգի և աշխարհակարգի ձևավորման ժամանակաշրջան ենք մտել քաղաքականապես չկազմակերպված աշխարհասփյուռ հայությամբ (անդրսահմանային հայ ազգով), պատմական հայրենիքի 42 հազար քառակուսի կմ տարածքի վրա հայկական պետականությամբ` բռնակալական ավտորիտար կառուցվածքով և քաղաքականապես թերաճ, քաղաքական իրավունքներից զուրկ հայ ազգով: 3. Մեր գնահատականը Մենք քաջ գիտակցում ենք, որ չի կարելի ոչնչացնել մարդկային կամքը: Այսօր այն ոչնչացնողը մեզանում գործող գավառական, բռնակալական` ավտորիտար համակարգն է, որը մարդկային հարաբերությունները բացարձակապես բարոյազրկել է՝ դրանք դարձնելով խարդախ հաշվարկների, ապօրինի գործարքների, համատարած կոռուպցիայի, էժանագին, նվաստացուցիչ առուծախի ու ցանկացած գնով անձնական շահի սպասարկման միջոց: Մենք դեմ ենք և բացառում ենք նման քաղաքականությունը: 4. Մեր պատկերացումները Մեր գաղափարախոսությունն իդեալ է ճանաչում հայկական ազգային, ժողովրդավար պետականությունը, որը  գործում է որպես` ·         մինչև հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը` Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում, ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կմ տարածքի ամբողջականության երաշխավոր, ազգահավաքի իրականացման երաշխավոր, համահայկական քաղաքական,  տնտեսական և մշակութային կենտրոն, հայ ազգի` երջանիկ ապրելու քաղաքական հայտը իրագործող, տարբեր պետություններում ապրող հայ ազգի հատվածներն իրար շաղկապող:   Ապահովում է` ·         մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների և սեփականության պաշտպանությունը, սոցիալական արդարությունը, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների հասանելիություն և մատչելիություն հայ ազգի բոլոր հատվածների համար:   Երաշխավորում է` ·         իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի անկախությունը միմյանցից, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգը, ազատ, արդար, թափանցիկ պայմաններում պարբերաբար ընտրությունների անցկացման միջոցով գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ձևավորումը, և՛ հայկական պետականության ներքո, և՛ նրանից դուրս ապրող հայ ազգի բոլոր հատվածների համար միաժամանակ` բացարձակապես հավասար պայմաններում, քաղաքական կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը, իրավունքը` փոխելու կամ վերացնելու այն կառավարությունը, որը դառնում է կործանարար կյանքի, ազատության և երջանկության ձգտման համար, և հիմնադրելու նոր կառավարություն:   5. Մեր գաղափարական հայացքների ամբողջությունը գոյացել է հետևյալ շփման կետից Ազգային քաղաքական անկախության երկարատև կորուստը բացասաբար է ազդել նաև հայ ազգի քաղաքական գիտակցության վրա՝ նրան զրկելով քաղաքական ազգին բնորոշ պայքարի տենչից` հանուն քաղաքացիական և քաղաքական իրավունքների: 6. Մենք հավատում ենք` մենք ապրելու ենք մեր ազգային հեղափոխությունը և լինելու ենք ազգային, ազատ, ժողովրդավար, սեփական հայկական պետության քաղաքացիներ:  Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը և ունենա նոր առաջադեմ վերնախավ, որն արագ կստանձնի պարտականություն՝ ղեկավարելու պետության բոլոր կառույցները: 7. Մեր գաղափարախոսությունը դատապարտում է` -          քաղաքական և տնտեսական մենաշնորհը, -          Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը (արտոնությունները), -          երևանյան գավառապետությունը, -          առաջինից մինչև վերջին բոլշևիկին, -          Հայրենիքը վաճառողներին, փոխանակողներին և հանձնողներին, -          ՆԿՎԴ-ԿԳԲ-ԱԱԾ-չեկիզմը, բոլշևիզմը, կոմունիզմը, ՀՀՇ-ՀՀԿ արատավոր երևույթները և դրանից ածանցյալ` հետամնաց, հետադիմական  «խաղաղասերների», «ծերացած» և «թույլերի» գաղափարախոսության սերմանումն ու տարածումը, -          հայ ազգի հանրային միջոցները (դրամ, հող, գույք) ապօրինի օտարած (յուրացրած), զավթած օտարներին և ազգակիցներին: -          մեզանից դուրս` այլ ուժերի ապավինումը:   8. Մեր գաղափարախոսությունն ընդունում և քաջալերում է` -          Հայրենիք` Ազատ, Անկախ և Միացյալ, -          Երևան, Ստեփանակերտ, Կարին և Սիս, -          Էջմիածին և կրոնի ու դավանանքի ազատություն, -          Արարատ` փառքի ճամփա, -          Եվրոպա` Լուսավորություն-Ազատություն-Արդարություն, -          Առաջադիմություն` Մշակույթ և Կրթություն, -          Հայ ազգ` քաղաքական և քաղաքացիական, -          հասարակություն` կուշտ, հողի և բնակարանի սեփականատեր, բավարարված սոցիալական պահաջմունքերով, պաշտպանված թշնամու հարաձակումներից:   9. Մեր գաղափարախոսությունը հեղափոխության կյենսակոչման կարևոր պայման է ճանաչում` -          քաղաքական մենաշնորհի վերացումը, -          անդրսահմանային հայ ազգի կազմակերպումը և նրան քաղաքական իրավունքների տրամադրումը, -          հայ ազգի քաղաքական ազգ դառնալը` ինքնազատագրում և ինքնակազմակերպում, -          հայ ազգի գիտակցության փոփոխությունը`ինքնազատագրումը, -          քաղաքական իրավունքներ կրելը` ինքնակազմակերպումը, -          քաղաքական իրավունքներ բանեցնելը` ինքնակազմակերպումը, -          քաղաքական պատասխանատվություն ստանձնելը` ինքնահամախմբումը: 10. Մեր գաղափարախոսության կարգախոսներն են` -          Հայ ազգը ունի քաղաքակրթական առաքելություն, -          Հայ ազգը ունի քաղաքական առաքելություն -          Մասնատված հայ ազգը և նրա մասնատված հայրենիքը միավորվելու են, -          Գիտելիքահեն հասարակություն` հայ ազգը մասնակցում է, -          Մեր երկրի ամենաարժեքավոր և ամենակարևոր ռեսուրսը մարդն է, -          Մենք ակտիվ կերպով հավաքագրելու ենք մեր բազմամիլիոնանոց ազատատենչ քաղաքական ներուժը, -          Մենք ապավինում ենք հայկական զինված ուժերին: 11. Ազգային քաղաքական անկախությունը և ժողովրդավարությունը հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի հնարավորություն է ընձեռելու ունենալ` -   արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք, -   սեփական հող և բնակարան, -   սոցիալական պահանջմունքների բավարարում, 12. Մեր գաղափարախոսության հիմնաքարերն են` -          Ազգային դպրոց` ազգային կրթական համակարգ, -          Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում, -          Հայրենիքի կորուստը վաղեմության ժամկետ չունի, -          Անցավորներից մինչև նոր ծնվող հայ երեխան Հայկական բարձրավանդակի և նրա հարակից հողի տերն են, -          Համընդգրկուն քաղաքական միասնություն` ինքնազատագրում, ինքնակազմակերպում և ինքնահամախմբում: 13. Մեր գաղափարախոսության դրոշմում է` ·         Երկիր Ծիրանի, Արմենիա, Հայաստան` Հայկական բարձրավանդակ և նրա հարակից տարածքներ, Դեպի Արարատ, Քելե լաո, քելե էրթանք մեր Էրգիր` վերադառնալու ենք, Հայ ազգ` լեզու, մշակույթ, ինքնություն և քաղաքակրթություն: 14. Մեր պահանջներն են Մեր ազգային ինքնությունը պետք է հետևի, այն մտքին, որի հիմքում ընկած է մարդկային միասնությունը, որը իրեն վկայակոչում է որպես մեկ ամբողջություն` մենք` մենք ազգովի: Մենք հավատում ենք` մենք ապրելու ենք մեր ազգային հեղափոխությունը և լինելու ենք ազգային, ազատ, ժողովրդավար, սեփական հայկական պետության քաղաքացիներ:  15. Մեր գործողություններն են` Ազգային քաղաքական ընտրանի և ժամանակավոր կառավարություն ·         Ձևավորել  հայ ազգի երկու հատվածներից (անդրսահմանային և հայկական պետականության ներքո ապրող)  քաղաքական ընտրանի, որը կսերմանի ու կտարածի ազգային և համամարդկային արժեքներ, կատարելատիպեր, գաղափարախոսություն և  կընդունի այդ արժեհամակարգին համապատասխան նորմատիվային իրավական ակտեր: Ձևավորել ժամանակավոր կառավարության գործունեությունը, որը մաքուր ձեռքերով ու հանգիստ խղճով կվերացնի բռնակալությունը/ավտորիտարիզմը և կհիմնադրի ժողովրդավարական համակարգ: Հայ ազգի միասնական քաղաքական ներգրավվածություն ·         Գիտակցված և պահանջված դարձնել քաղաքական գործընթացներին մասնակցելը հայ ազգի երկու հատվածների` և´ հայկական պետականության ներքո ապրող, և´ անդրսահմանային հայ ազգի համար: Քարոզել բազմակի քաղաքացիության ձեռքբերումը: Անդրսահմանային ազգի սերտաճում հայկական պետականության հանրային և քաղաքական գործընթացներում: Հայ ազգի արժանապատվության վերականգնում ·         Ներշնչել հայ ազգին վերականգնել հավատն իր ուժերի նկատմամբ: Լուսավորել և տրամադրել քաղաքական իրավունքներ: Հաղթահարել անվստահության, վախի և անլիարժեքության բարդույթը: Գավառապետության` բռնապետության վերացում ·         Տապալել բռնապետական` ավտորիտար համակարգը: Դատապարտել (քաղաքական և իրավական ընթացակարգերով) ավտորիտար համակարգի բոլոր միավորների և սպասավորների գործունեությունը: Ավտորիտարիզմի, «մի կերպ գոյատևման» մտայնության, հարմարվողականության գաղափարախոսության արգելում, դրա բոլոր արատների մերկացում և արմատական ոչնչացման անհրաժեշտության գիտակցման սերմանում: Համաշխարհային քարոզարշավի անցկացում ·         Տարածել գաղափարախոսություն, սկզբունքներ և ծրագիր: Հավաքագրել հայ ազգի զավակներին և վերականգնել հայ ազգի քաղաքական առաքելությունը: Կենսակոչել հայ ազգի քաղաքական առաքելությունը` հիմնադրելով կառույցներ  Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Միջին Արևելքում և այլ երկրների հայկական գաղութներում: Կազմակերպել հայ ազգի քաղաքական առաքելության հայտը` սպասարկելու համար գլոբալ քաղաքական ժողով ·         Ընտրել քաղաքական վերնախավ (ժամանակավոր կառավարության անդամներ): Ընդունել գործունեության սկզբունքների վերաբերյալ հուշագիր: Հաստատել ժամանակավոր կառավարության ծրագիրը: