Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ամիրյանի, Վիգեն Չալդրանյանի մայրերի ու այլ հայտնի տիկնիկներ՝ երևանյան պատկերասրահում

Մշակույթ
glx-2

Դռները բացվում են ու դիմացդ կանգնած են  ծերացած Վլադիմիր Պուտինն ու Շառլ Ազնավուրը, քիչ այն կողմ հարբած ռուս մուրացկանն է ու գյուղական հագուստով Մհեր Մկրտչյանը: Սենյակի վերջնամասում անգլիական թագավորական ընտանիքն է՝ իր ողջ վեհությամբ: Դուք Երևանի «Տիկնիկների պատկերասրահում» եք, Հանրապետության հրապարակում: Աշխարհում առաջին հեղինակային տիկնիկը պատրաստվել է 1881 թվականին Ֆրանսիայում: Հայաստանում տիկնիկագործությունը սկսել է զարգանալ 20-րդ դարի երկրորդ կեսից: Երևանի «Տիկնիկների պատկերասրահ»-ը բացվել է այս տարվա մարտ ամսին  մշակույթի նախարարության աջակցությամբ: Թանգարանի այցելուների թիվը գերազանցում է 6000-ը: «Ա 1 +»-ի հետ զրույցում պատկերասրահի գեղարվեստական ղեկավար  Մարինա Խաչմանուկյանը ներկայացրեց պատկերասրահի ստեղծման պատմությունը: 21245340_1260494084062613_859525314_n «Արդեն 10 տարի է, ինչ ես հավաքում եմ տիկնիկներ և ուսումնասիրում: Կազմակերպել եմ ցուցահանդեսներ ու միջոցառումներ: Աշխարհում գոյություն ունի մոտ 1000 տիկնիկների թանգարան, ու այդ փաստն ինձ մտահոգեց: Մտածեցի, որ վատ չէր լինի Հայաստանում նույնպես ունենալ այդպիսի թանգարան, քանի որ տիկնիկի միջոցով կարող ենք ներկայացնել հայ մշակույթը: Ես այդ ամենը ներկայացրեցի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, և Ամանորի նախօրեին նա ինձ տվեց դրական պատասխան։ Սկսեցին պատկերասրահի բացման աշխատանքները»: 21269549_1260509100727778_519785839_n Մ.Խաչմանուկյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի տիկնիկները վերնիսաժային ու խանութային կարգավիճակից ստանան թանգարանային կարգավիճակ. «Մենք ունենք  հայկական ծիսական տիկնիկներ, որոնք ունեն հարուստ մշակութային պատմություն:Այդ տիկնիկները ներկայացված են պատկերասրահում: Տիկնիկները օժտված են եղել մոգական ուժով: Օրինակ մենք թանգարանում ունենք Բարեկենդանի տոնին բնորոշ տիկնիկը, որի անունը Ուտիս տատիկ է։ Նա  քեֆի և ուրախության տատիկն է: Ասում են, որ տոնի ավարտի ժամանակ այդ տիկնիկին ձորից նետել են ներքև: Նրան հաջորդել է Մեծ պահքի տիկնիկը, որի անունը Պաս պապիկ է: Տիկնիկները ունեն նաև բուժիչ հատկություն և պատահական չէ, որ աշխարհում զարգանում է  տիկնիկաթերապիան»: 21244683_1260494107395944_1341059379_n Պատկերասրահի գեղարվեստական ղեկավարը ներկայացրեց նաև թանգարանի կառուցվածքն ու ցուցադրվող տիկնիկների հեղինակներին: «Պատկերասրահը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում ցուցադրվում են հայկական ծիսական տիկնիկները, իսկ երկրորդ մասում աշխարհահռչակ մարդկանց, հայ հայտնի արվեստագետների, ինչպես նաև այլ թեմաներով պատրաստված տիկնիկներ: Պատկերասրահին իր մոր տիկնիկներն է նվիրել նախարար Արմեն Ամիրյանը: Դրանք պատկերասրահի ամենահին տիկնիկներն են՝ մոտ 60 տարեկան: Այստեղ են նաև Վիգեն Չալդրանյանի մոր աշխատանքները, ինչպես նաև առաջին հայ տիկնիկագործի՝ Մարի Երկաթի աշխատանքները: Մեզ  40 տիկնիկներ ուղարկել է ԱՄՆ-ից Ալիս Նավասարգյանը, որը տարիներ շարունակ հավաքել է տիկնիկներ, ու իր հարազատները հորդորել են նվիրել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային, սակայն նա նվիրել է հենց մեզ»: 21209225_1260513710727317_1843990265_n Այս թանգարանը գրավում է նաև  զբոսաշրջիկներին. «Այդ ծիսական պատմությունները հստակ ներկայացնում են մեր ազգային տոներն ու սովորույթները: Մեր բոլոր այցելուները մեծ բավականություն ստացած դուրս են գալիս այստեղից ու իրենց հիացմունքը հայտնում: Հուսով եմ, որ տիկնիկի արվեստն ու տիկնիկագործությունը մեծ զարգացում կապրի Հայաստանում ու մեր պատկերասրահը ժամանակի ընթացքում կստանա նաև թանգարանային կարգավիճակ»: 21245506_1260513494060672_922235482_n Պատկերասրահից դուրս գալուց առաջ մոտեցա նշումների մատյանին, պատահականության սկզբունքով բացեցի մի էջ ու կարդացի. «Շնորհակալություն Ձեզ, որ կարողացաք այսքան տարիներ հետո ինձ վերադարձնել մանկություն»: 21268681_1260509164061105_1402020675_n