Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրակրթության ոլորտի մասին ահազանգերը կքարտեզագրվեն (տեսանյութ)

Հասարակություն
krtakan

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ակտիվացել են կրթական ոլորտի խնդիրների, դպրոցներում դրամահավաքի վերաբերյալ քննարկումները։ Այս տարվա ապրիլին ձևավորված Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները այսօր ևս մեկ անգամ հիշեցնում են ծնողներին՝ հանրակրթությունը Հայաստանում անվճար է, հետևաբար կոչ են անում չմասնակցել որևէ տեսակի դրամահավաքի, ինչի արդյունքում դպրոցը հայտնվում է առևտրային հարաբերություններում։ Նախաձեռնությունը ստեղծվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած ահազանգերի արդյունքում։ «Թեև կրթական ոլորտը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն  հասարակությունն  այստեղ որպես սուբյեկտ չի ընկալվում, պետությունը կառավարությունն աշխատում են շատ դեպքերում շրջանցել հասարակությանը», - նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը մի քանի ուղղությամբ է աշխատանքներ տանում, օրինակ համակարգող մասնագիտական խումբն ուրվագծում է կրթական ոլորտում առկա խնդիրները, իսկ ծնողների նախաձեռնությունը վեր է հանում կոռուպցիոն խնդիրները, դրամահավաքի դեպքերը։ Նախաձեռնության ներկայացուցիչները հիշեցնում են՝ դրամահավաքի գործընթացների մասին բարձրաձայնել են դեռ մայիսին, երբ Վերջին զանգի արարողության համար կանխիկ գումար է փոխանցվել դպրոցների մանկավարժներին ու տնօրեններին՝ որպես քննությունները չտապալելու երաշխիք։  Անդրադառնալով կրթական համակարգում առկա խնդիրներին՝ նախաձեռնության ներկայացուցիչներն ընդգծեցին սոցիալական արդարության խնդիրը։ «Մենք ունենք կրթության որակի հաշվին գնալով էլ ավելի խորացող անհավասարություն։ Թվում է՝ պարտադիր է կրթությունը, նույնիսկ 12-ամյա կրթությունն է պարտադիր դառնում, բայց Երևանից մինչև ամենահեռավոր մարզեր այնպիսի բևեռացում գոյություն ունի կրթական որակի, պայմանների, որ այդ անհավասարությունը Հայաստանում լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում», - նշեց Վահրամ Սողոմոնյանը։ Բանախոսը մտահոգիչ է համարում տարեցտարի պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարների նվազումը. «Դա խոսում է այն մասին, որ բարձրագոչ հայտարարությունները կրթության կարևորության մասին պարզապես դատարկախոսություններ են», - նշեց նա։  Նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյանն էլ նշեց, որ թեև այս ուսումնական տարվանից անցնում է կատարվում 12-ամյա պարտադիր կրթության, սակայն շատ քիչ համայնքներում է, որ կան ավագ դպրոցներ։ «Որպես ավագ դպրոցների բացակայության բացատրություն՝ նշում են միջնակարգ դպրոցների առկայությունը, մինչդեռ կան  համայնքներ, որոնցում ոչ ավագ դպրոց կա, ոչ էլ միջնակարգ։ Բացի դա միջնակարգի ու ավագ դպրոցի ծրագրերը տարբեր են» , - նշեց նա։ Կրթական ոլորտի մյուս կարևոր խնդիրներից նախաձեռնության ներկայացուցիչները առանձնացրեցին դպրոցների քաղաքականացված-կուսակցականացված լինելը, ինչն ակնհայտորեն երևաց այս տարի տեղի ունեցած ընտրությունների նախօրեին։ Բանախոսները նաև անդրադարձան դպրոցներում կադրային քաղաքականության խնդրին՝ ընդգծելով, որ բազմաթիվ չարաշահումներ են լինում ուսուցիչներին աշխատանքի ընդունման գործընթացներում։ Նախաձեռնության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ կրթական հիմնախնդիրների բացահայտման նպատակով մշակվել է ահազանգերի գրանցման առցանց  քարտեզագրման ծրագիր (https://iditord.org/education/), որը հնարավորություն է տալիս հասցեական դարձնել խնդրի պատասխանատուին։