Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտում վտանգ կա, քանի դեռ կան  լաքէթինոլով  ռեզերվուարներ». քիմիկոս

Կարևոր լուրեր Տնտեսություն
ara

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական  քիմիայի ինստիտուտում հարաբերական անդորր է: Ինձ մոտեցավ ինստիտուտի աշխատակիցն ու իմանալով, թե ինչի համար եմ եկել սկսեց գանգատվել. «Ես երկրորդ մասիվում եմ ապրում ու արդեն երկրորդ օրն է, ինչ չեմ կարողանում քնել: Շնչելը դժվարացել է, իսկ գլխապտույտներն ավելի են շատացել: Տեսնենք, թե սրա վերջն ինչ կլինի»: «Ա 1 +»-ի թղթակիցը «Նաիրիտ»-ի հրդեհի ու հետագա վտանգների մասին զրուցել է ինստիտուտի գիտխորհրդի քարտուղար, քիմիայի գիտությունների դոկտոր Արա Գյուլնազարյանի հետ, որը ժամանակին աշխատել է Նաիրիտում: «Նաիրիտը ժամանակին արտադրական հսկաներից էր: Պատահական չէ, որ այդ հսկային կառուցեցին հենց Հայաստանում, քանի որ ԽՍՀՄ –ում գիտեին, որ միայն հայերը գլուխ կհանեն սրանից: Այդ ժամանակ Նաիրիտի պես գործարան կար միայն աշխարհի 4 երկրներում: Նաիրիտն իր արտադրությամբ կարողանում էր ապահովել ամբողջ Հայաստանի բյուջեն: Իսկ հիմա մատնված է անտերության: Միֆ է այն խոսակցությունը, որ օրերից մի օր կշահագործվի»: Ա.Գյուլնազարյանը անդրադարձավ մի քանի օր առաջ տեղի ունեցած հրդեհին ու հրշեջների կատարած աշխատանքին: «Ես այնտեղ աշխատել եմ մինչը 90-ականների վերջը և այդ ժամանակ լաքէթինոլ նյութը, որն այրվում էր մի քանի օր առաջ տեղի ունեցած հրդեհի ժամանակ,  պահում էին հատուկ հրավտանգ նյութի մեջ: Իսկ չորացած լաքէթինոլը այրում էին հատուկ վայրում: Լաքէթինոլն ինքը հրավտանգ նյութ է և կարող է ինքն իրեն պայթել ու վառվել: Դա առավել հրավտանգ է դառնում այն ժամանակ, երբ չորանում է: Հիշում եմ, որ իմ աշխատանքային տարիներին այդ հեղուկ նյութը լցնում էինք սեղանին ու առավոտյան գալիս տեսնում, որ պայթել է: Լաքէթինոլն օգտագործվում է փայտյա կոնստրուկցիաները կորոզիայից պաշտպանելու համար: Օրեր առաջ տեղի ունեցած հրդեհի ժամանակ հրշեջները չէին կարող հանգցնել այն, քանի որ այդ նյութը պետք է մինչև վերջ այրվի, հակառակ դեպքում չես կարող հանգցնել այն ոչնչով: Հրշեջների աշխատանքի թերությունն այն էր, որ նրանք ծխահարվեցին: Իմ կարծիքով այդտեղ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, քանի որ հրշեջները պետք է կրեին հատուկ թթվածնային բալոններ: Իսկ դրականն այն է, որ նրանք թույլ չտվեցին, որ մնացած ռեզերվուարները վառվեն»: Ինչ վերաբերում է այրումից առաջացած ծխի վտանգավոր հետևանքներին, ապա, ըստ քիմիկոսի, լաքէթինոլն իրենից վտանգ չի ներկայացնում, միակ վտանգը շմոլ գազն է և մուրը, որ առաջացավ այրումից, իսկ դա  վաղ թե ուշ նստելու է քաղաքի վրա. «Բոլորս տեսանք, որ այրման ժամանակ առաջացավ մրանման ծուխ: Այդ մուրն առաջանում է թերայրումից: Թերայրումից առաջանում է նաև շմոլ գազ: Փրկարարներն ու պաշտոնական լրատվական միջոցները տեղեկացրեցին, որ պետք է պատուհանները փակել, դիմակներ կրել, որն էլ ամենաճիշտն է: Բարեբախտաբար այդ նյութի մեջ չկար քլորի միացություն, հակառակ դեպքում մեր վիճակը լավ չէր լինի»: [caption id="attachment_1563689" align="alignnone" width="700"]A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption] Արա Գյուլնազարյանը նշում է, որ պետական մարմիններն անհրաժեշտության դեպքում միշտ դիմում են իրենց օգնությանը. «Հիշում եմ, որ երկու տարի առաջ Ավետ Ավետյան փողոցում մոտ 10 կգ սնդիկ էր թափվել և զանգահարեցին միանգամից մեր ինստիտուտի տնօրենին: Մենք ասացինք, որ ծծումբ խառնեն սնդիկի հետ և այդպես կարող են ավլել ու տանել: Այդպես կանցնի սնդիկի վտանգավորությունը: Նմանատիպ դեպքերում երբ մեզ դիմում են, մենք կազմ-պատրաստ օգնում ենք: Ինստիտուտը չի կարող խառնվել նմանատիպ հարցերում, քանի որ պետական մարմինները անհրաժեշտության դեպքում միշտ դիմում են: Նաիրիտի հարցով ապագայում վտանգ տեսնում եմ, քանի որ պետք է մնացած 8 ռեզերվուարները ուտիլիզացնել, հակառակ դեպքում մեկ օր էլ այն կբռնկվի: Նաիրիտում գտնվող մյուս նյութերը հեղուկ վիճակում են, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Իմ կարծիքով ամենավտանգավոր նյութը հենց լաքէթինոլն է: Այստեղ հրաշք գործեցին հենց հրշեջներն ու փրկարարները, ովքեր թույլ չտվեցին մյուս 8 ռեզերվուարների այրում»: Զրույցի վերջում քիմիկոսն իր մտահոգությունը հայտնեց. «Հիմա առաջնայինը ոչ թե Նաիրիտի հրդեհի հարցն է, այլ հենց Նաիրիտի հարցը: Մենք չենք կարողանում հասկանալ, թե արդյո՞ք պետք է մեզ Նաիրիտը, թե ոչ: Հիմա դա է ամենակարևոր հարցը»: