Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի տնօրենը մեղադրում է ոչ թե Դանիել Իոաննիսյանին, այլ՝ հասարակությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
charenc-tnoren

Դանիել Իոաննիսյանի բացահայտումներից հետո Չարենցի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը ֆեյսբուքյան իր էջում իր հասցեին սարսափելի բաներ է կարդացել. «Երբ որ ես բաց արեցի ՖԲ էջը, նկարիս տակ գրած էր՝ աղբ: Ավելի վիրավորական բան ես իմ կյանքում չէի կարող հանդիպել: Ես աղբ չեմ, ես իմ գործունեությամբ ցույց եմ տալիս, որ ես հանուն երկրի պատրաստ եմ նույնիսկ իմ կյանքը զոհել»: Այս կինը հպարտ է, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է. չէ՞ որ այդ կուսակցության հիմքում Նժդեհի գաղափարախոսությունն է. «Իսկ դուք գիտե՞ք, որ նժդեհյան գաղափարախոսությունը ազգի ծաղկման, ազգի զարգացման միանշանակ շատ կարեւոր պայման է, այդ առումով ես հայ եմ, ես սիրում եմ իմ հայ ազգին, ամեն ինչ պատրաստ եմ նրա համար, իսկ թե կոնկրետ որ կուսակցությունը իմ կողքին կկանգնի իրականացնելու իմ բոլոր ցանկությունները, ես բնականաբար այդ կուսակցության շարքերում եմ»: Չարենցի անվան դպրոցում հանրապետական ուսուցիչներ կան, նրանց տնօրեն Անահիտ Խեչումյանը ոչինչ չի պարտադրել: Օրենքն էլ ոչ մեկին չի արգելում անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Տիկին Խեչումյանը Դանիել Իոաննիսյանի բացահայտումից վիրավորված չէ. «Ես ոչ այնքան մեղադրում եմ պարոն Դանիելին, որքան քաղհասարակության ռեակցիային, որովհետեւ հասարակությունը սիրում է լսել մի բան եւ ուռճացնել: Այ դա է, որ ուսուցչի վարկը միշտ ընկնում է»: Հասարակությունը, ըստ մանկավարժի, պետք է մի քիչ այլ կերպ արձագանքեր Դանիել Իոաննիսյանի բացահայտումներին: Ինքը կարող է իր իրավունքները պաշտպանել, բայց ժամանակ չունի, որ հասարակության արձագանքներին արձագանքի: Ինքը Իոաննիսյանին չի դատապարտում, մարդն իր աշխատանքն է արել. «Ես ավելի շատ ցավ եմ ապրում հասարակության արձագանքից: -Այսինքն, անօրինական ոչինչ չեք տեսնում իր արածում: -Ինչու՞, գտնում եմ, նա պիտի մտածեր, թե իր ընտրած ճանապարհներն արդյո՞ք ընդունելի են: -Ընդունելի են, թե անօրինական: -Ես չեմ կարող օրինական դաշտով էսպես խորը արձագանքներ տալ, ինքը բարոյական նորմեր է խախտել, հո միայն օրենքը չի»: Ամենասարսափելին տիկին Խեչումյանի համար, հասարակության արձագանքն էր, այդ արձագանքը կոտրել է մարդու հավատը. «Երբ որ ինքը հայտարարությունը տեղադրեց ՖԲ ցանցում, հաջորդ օրը ես բացեցի եւ քիչ էր մնում հիասթափություն ապրեի հասարակությունից այդ արձագանքներից: -Բայց ինքը անձամբ ձեզ չի վիրավորում: -Ես ցավ զգացի, որ գուցե այդ արձագանքողներից մեկը լիներ իմ աշակերտը, ուրեմն մեր հասարակությունը դեգրադացվում է»: Այդ ամենից հետո ինքը չի ափսոսում, որ Հանրապետականի անդամ է, այնտեղ երկիրը զարգացնելու ընդունակ մարդիկ կան: