Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ նույն ձեւով կշարունակվի, քանի դեռ համակարգն այսքան անտարբեր է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
media-1

«Նաիրիտ» քիմիական գործարանի հրդեհից հետո  շրջակա միջավայրում քիմիական նյութերի առկայության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս պահին սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից ավել է միայն ծծմբի երկօքսիդը. այս մասին հայտարարեց  ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանն ու հավելեց, որ դա վտանգավոր չէ հանրության համար. «Նորման շատ քիչ է գերազանցում, մոտ 1,5 անգամ, պետք է 5 կամ 10 անգամ գերազանցի, որպեսզի լինի վտանգավոր»: Քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանը  խորհուրդ է տալիս վտանգավորության մասին խոսելուց առաջ նախ պարզել, թե ինչ բաղադրությամբ «լաքէթինոլ» է այրվել. «Լաքէթինոլը նյութի տեխնիկական անուն է, բայց մենք չգիտենք՝ ինչ է այրվել, քանի որ այն կարող էր ունենալ շատ տարբեր տեսակի բաղադրություն: Քանի դեռ հայտարարված չէ բաղադրությունը, մենք չգիտենք վտանգավոր է դա, թե՝ ոչ»: Քիմիկոսը վստահ է, որ նյութի այրման պատճառն այն է, որ պահպանման կարգը պատշաճ չի պահվել. «Սա առաջին դեպքը չէ, որ «Նաիրիտ»-ում այրվում է լաքէթինոլը, իշխանությունները պետք է վաղուց հետեւություններ անեին ու ավելի զգուշավոր լինեին: Ամեն ինչ նույն ձեւով կշարունակվի,  քանի դեռ համակարգն այսքան անտարբեր է ու անպատասխանատու»,- ասում է Հրաչիկ Միրզոյանը՝ հավելելով, որ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն, որպեսզի մյուս անգամ  զգուշանան:  ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը թերի է համարում Առողջապահության նախարարության աշխատանքը: Ըստ նրա՝ գերատեսչությունը շատ ուշ արձագանքեց դեպքին՝ թողնելով մարդկանց խուճապի մեջ. «ԱՆ հանգստությունը արտակարգ իրավիճակում բավական տարօրինակ էր. 5 ժամ հետո հայտարարություն արեցին, այնինչ պետք է միանգամից արձագանքեին ու մարդկանց ասեին՝ ինչ անել, պարզագույն խորհուրդներ պետք է տային, քանի որ անգամ այդ ծուխը  կարող էր վնասակար լինել, իսկ մարդիկ խուճապի մեջ էին, գրում էին, զանգում էին մեզ, չգիտեին ինչ անել»: Ավելին՝ տեսանյութով