Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՌՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազին

ՀԱՂՈՐԴՈՒՄ

Խախտվել է յուրաքանչյուրիս կարծիքի, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատությունների անօտարելի՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 24; 44, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիա, հոդված 10, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային Դաշնագիր, հոդված 19, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 4:). մենք չենք կարողանում ազատորեն ընդունել «Նոյան Տապան» հեռուստածրագիրը եւ «Ա1+» ընկերության հեռուստահաղորդումները, «Նոյան Տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների միջոցով չենք կարողանում ազատորեն, առանց պետական մարմինների միջամտության, փնտրել, ստանալ, տարածել գաղափարներ ու տեղեկատվություն։

Մի խումբ սպառողների հետ (թվով 38 ՀՀ քաղաքացի) մենք ս.թ. մայիսին դիմել ենք Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ Պետական մարմին ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մեր իրավունքը ոտնահարող որոշումները (գործողությունները) վերացնելու, մեր խախտված իրավունքը վերականգնելու պահանջով։ Մեր դիմումները Դատարան մուտքագրվել են 20.05.02 թ. եւ 29.05.02 թ։

Մեր դիմումով գործերը ՀՀ օրենքի պահանջով (ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, հոդված 111) պիտի քննվեին եւ վճիռ կայացվեին դատարանի կողմից դրանք ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում։ Այսօր օգոստոսի 15-ն է, իսկ դատական քննությունը ըստ էության անգամ սկսված չէ։

Դատարանի նախագահը, դատավորները (Հ. Հովհաննիսյան, ս.թ. հուլիսի 25-ից՝ Ռ. Ներսիսյան) մեր դիմումով եւ հայցով քաղաքացիական գործերը լսելիս չեն կատարում ՀՀ օրենքով որոշված պարտականությունները՝ «խստիվ ղեկավարվել օրենքով, ապահովել անձանց՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ արժանա-պատվության պաշտպանությունը» («Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք, հոդված 14)։ Մենք 05.06.02թ, 12.06.02թ, 23.07.02թ, 02.08.02թ եւ 14.08.02թ պատշաճ կարգով բացարկներ ենք հայտնել դատավորներ Հ. Հովհաննիսյանին ու Ռ. Ներսիսյանին: 02.08.02թ եւ 14.08.02թ դիմել ենք ՀՀ արդարադատության խորհրդին (փոխնախագահ` Արդարադատության նախարարին) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պահանջով։

Դատավորներ Հ. Հովհաննիսյանը եւ Ռ. Ներսիսյանը անձնական հակակրանք ունեն ազատ խոսքի նկատմամբ, չեն հանդուրժում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» ընկերությունների անկախությունն ու անաչառությունը. նրանք դիտավորյալ գործողություններ են կատարել ու կայացրել որոշումներ հակառակ դատավորի ՀՀ օրենքով որոշված ծառայական շահի` առաջացնելով ծանր հետեւանքներ (ամեն օր «Նոյյան Տապան» եւ «Ա1+» ընկերությունների հեռուստահաղորդումները մեր չընդունելու փաստը, «Նոյյան Տապան» եւ «Ա1+» ընկերությունների միջոցով տեղեկություններ եւ գաղափարներ ազատորեն փնտրելու, ստանալու եւ տարածելու մեր` ՀՀ օրենքով երաշխավորված իրավունքի ոտնահարման փաստը)։

Գործի քննության ընթացքում դատավոր Ռ. Ներսիսյանը կայացրել է ակնհայտ անարդար որոշումներ. ս.թ օգոստոսի 13-ին ժ. 11 վարել է քաղաքացիական գործերով դատական նիստ՝ չունենալով դրա ՀՀ օրենքով (ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, հոդված 25, կետ 1) որոշված լիազորությունը, 06.08.02թ Դատավորը քաղաքացիական գործերը միացրել է ապօրինի (ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, հոդված 89, կետ 2, հոդված 27)։

Դատարանի նախագահը մինչեւ քաղաքացիական գործի դատական նիստը (13.08.02թ) դատավոր Ռ. Ներսիսյանին 02.08.02 թ հայտնած բացարկի միջնորդությունը քննության չի առել:

Դատարանը չի իրականացնում արդարադատություն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան (ՀՀ Սահմանադրություն, հոդված 91), անտեսված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված խոսքի ազատության մեր իրավունքի դատական պաշտպանության իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38; 39, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիա, հոդված 1; 6):

Այս ծառայողական նամակը խնդրում ենք ընդունել որպես կատարված հանցագործությունների մասին ֆիզիկական անձի հաղորդում եւ ՀՀ «Քրեական» օրենսգրքի 182 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի, 191 հոդվածի առաջին մասի հիմքով ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 175, 176, 177, 180, 181, 182 հոդվածներով որոշված կարգով հարուցել քեական հետապնդում:

Քաղաքացիներ `

Աշոտ Բլեյան

Վիգեն Խաչատրյան

Արտակ Զեյնալյան

ք. Երեւան 15.08.02թ

Կից ներկայացնում ենք`

1. Դիմող Ա. Բլեյանի 05.06.02թ Միջնորդությունը (1 էջ),

2. Դիմող Ա. Բլեյանի 12.06.02թ Միջնորդությունը (1 էջ),

3. Դիմողների 23.07.02թ Միջնորդությունը (1 էջ),

4. Դիմողների 02.08.02թ Միջնորդությունը (1 էջ),

5. Դիմողների 14.08.02թ Միջնորդությունը (3 էջ):