Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱՀ վճարման հետաձգումը կմեծացնի ներդրումները. քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)

Տնտեսություն
AJ

Արտադրական նշանակություն ունեցող մեքենասարքավորումներն ու հումքը ներմուծելիս  կազատվեն ԱԱՀ-ից: «Ըստ էության, գաղափարը շատ պարզ է՝ նպատակը մեր ներդրումային միջավայրը բարելավելն է, եւ, իհարկե, տնտեսվարողներին լրացուցիչ շրջանառու միջոցներով ապահովելն է: Ենթադրվում է, որ այն ԱԱՀ-ն, որ մեքենասարքավորումների եւ հումքի ներմուծման ժամանակ պետությանը չի վճարվել, տնտեսվարողները կվճարեն օգտագործման ժամանակ՝ արտադրանքի իրացման ժամանակ»,-  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Կազմակերպությունների եւ ԱՁ-ների կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ներդրումների խթանման համար Կառավարությունը ցանկանում է, որ այս նախագիծը ուժի մեջ մտնի ոչ թե 2018թ., այլ ավելի վաղ: «Սա բավականին համարձակ քայլ է, քանի որ ֆինանսական ազդեցությունն էլ էական է: Նախնական հաշվարկներով՝ տարեկան կտրվածքով մինչեւ 40 մլրդ դրամի ժամանակային ազդեցություն կարող է ունենալ: Այս ազդեցությունը նվազման միտում ունի՝ կախված նրանից, թե տարվա ընթացքում ինչպիսի ծավալի իրացումներ են կատարվել, եւ դրանից ինչպիսի ԱԱՀ է վճարվել»,- նկատեց Վախթանգ Միրումյանը: «Ասենք՝ մի որեւէ գործարար այսօր որոշում է ՀՀ-ում 10 մլրդ-ի ներդրում անել, էդ դեպքում սկսում է ներմուծել ապրանքները եւ ոչ թե 40, այլ 400 մլրդ է դառնում ազդեցությունը:  Ինչպե՞ս է հաշվարկվել եւ հաշվարկման պարագայում այդ բացը ինչպե՞ս է լրացվելու՝ վարկերով, թե ինչպե՞ս»,- նրան հարց ուղղեց Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Ի պատասխան Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ կօգտագործեն ոչ թե վարկեր, այլ կկիրառեն վարչարարություն: Այս նախագիծը վերաբերում է նաեւ ջերմոցների որոշ սարքավորումների ներմուծմանը, որոնց համար ԱԱՀ վճարումը որոշ ժամանակ առաջ արդեն իսկ հետաձգվել էր: Քանի որ տնտեսվարողները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, ՊԵԿ-ն որոշել է նրանց եւս ազատել ինչպես ԱԱՀ-ից, այնպես էլ՝ կուտակված տույժ-տուգանքներից: «Ակնհայտորեն կան շատ տնտեսվարողներ, որոնք շատ բարեխղճորեն իրենց հետաձգված ժամկետներում իրենց ԱԱՀ-ն ու տույժ-տուգանքներն էլ վճարել՝ մեկը կար շատ բարեխիղճ հարկատու, մյուսը՝ օբյեկտիվ պատճառներով չի կարողացել: Այս դեպքում ինչպե՞ս է հարցը լուծվելու»,- հետաքրքրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Խոսքը վերաբերում է նույն ոլորտում իրականացվող գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ նմանատիպ գործունեություն իրականացնող սուբյեկտներին սա վերաբերվելու է»,- նշեց Վախթանգ Միրումյանը: ՊԵԿ ներկայացրած օրենսդրական փոփոխությունները միաձայն ընդունվեցին ու ներառվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: