Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրդեհ թերևս չէր լինի, եթե տեղամասի պետին աշխատանքից չազատեին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
MHM0116203

«Նաիրիտում» այսօր տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի մասին տեղեկություններ ստանալու համար  «Ա1+»-ը հարցեր է ուղղել  «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանին։ Ի՞նչ է իրականում այրվում և ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։ «Հուլիսի 1-ից 20 հոգու ազատեցին աշխատանքից՝ համարելով, որ այս մարդիկ կարեւոր նշանակություն չունեն գործարանում, դրանցից մեկը հենց այս տեղամասի պետն էր, որը  տեղամասի անվտանգությունն էր ապահովում,-ասում է Կարինե Շահվերդյանը։- Ես մտածում եմ, որ եթե տեղամասի պետը լիներ գործարանում, նա կիմանար ինչ է կատարվում, ու նման դեպք չէր լինի»։ «Գուցե ապամոնտաժման աշխատանքներ են եղել գործարանում, եւ մի փոքրիկ կայծից  ամեն ինչ սկսվել է, չգիտեմ, բայց այն, որ մասնագետներն այսօր գործարանում իրենց խոսքը չունեն եւ սնանկության կառավարիչը ինչ ուզում՝ անում է... ինքը ասել է՝ ինչ ուզեմ, կանեմ»: Հարցին, թե համաձա՞յն է արդյոք հնչող կարծիքի հետ, որ բռնկման պատճառը շոգ եղանակն է, Կարինե Շահվերդյանը պատասխանեց. «Դա չի եղել հուլիսին, օգոստոսի առաջին կեսին, երբ 40- ից բարձր էր ջերմաստիճանը, հիմա հանկարծ 30-ից մի փոքր ավելի դեպքում պատճառը եղավ բարձր ջերմաստիճա՞նը»: Այս ամենը, ըստ տիկին Շահվերդյանի, ներդրողների վրա չի ազդի. «Մյուս ներդրողներին կարողացել են հետ ուղարկել, մի խումբ է մնացել, որը նաեւ մեզ հետ է գործակցում, ու իրենք քիմիայի մեջ մասնագիտացված լինելով՝ կհասկանան, որ սա չի խանգարի իրենց»: