Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պետք է իմանա զինվորը ծառայությունից առաջ

Կարևոր լուրեր Հասարակություն
zinvor

Առողջությանը պետք է վերաբերվել իբրեւ իրավունքի՝  հատկապես զինծառայողների  դեպքում։ «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ մեզ պետք է հզոր բանակ: Չնայած ես խաղաղասեր մարդ եմ, ես ավելի շատ ներդրում կանեի երկրի խաղաղության ու բարօրության համար, սակայն մենք մի երկրում ենք ապրում, որտեղ պետք է ունենալ բանակ ու որտեղ մենք չպետք է վախենանք մեր երեխաներին այնտեղ ուղարկելուց: Մեզ պետք է բանակ, որտեղ նրանց համար ապահով կլինի, մեզ պետք է բանակ, որ մեր երեխաները ոչ թե ասեն՝ մենք գնացինք ու կրակեցինք, այլ սովորեն ու ասեն՝ մենք ծառայել ենք մեր երկրի համար»,- այսօր «ՀՀ բանակի առողջության իրավունքի առանցքային կետերը» ուսումնասիրության ներկայացմանն ասաց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ղեկավար Գյուլնարա Շահինյանը: ՀԿ-ն 3 տարի առաջ մեկնարկած «Զինծառայողների պաշտպանված կյանքն ու առողջությունը»  ծրագրի շրջանակներում է հրատարակել այս ուսումնասիրությունը: Այն ներառում է ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային օրենսդրությունը, թե մինչեւ բանակ գնալը զինծառայողն ինչ պետք է իմանա իր առողջության իրավունքի հետ կապված: Հիմնական խնդիրը իրազեկվածության պակասն է: «Կամ եթե գիտեն, մտածում են՝ դա իրենց չի հասնի, իրենց մոտ չի ստացվի՝ պահանջել իրենց իրավունքը: Այսինքն, շատ կարեւոր խնդիրներից է իրազեկվածության մակարդակը»,- նկատում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Իշխանյանը:  Կազմակերպության հարցումն անցկացվել է մոտ 200 արդեն զորացրված զինծառայողի շրջանում, թե ինչ խնդիրներ են ունեցել սննդի, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, բուժզննման հետ կապված: Գրեթե բոլոր զինծառայողները նշել էին հոգեբանի անհրաժեշտությունը բանակում: «Մանավանդ այն անձանց համար, որոնք դիրք են գնում՝ մարտական գործողությունների ու հետ են գալիս, շատ-շատ են նշել այդ մասին՝ ամեն 2-րդ կամ համարյա բոլորը այդ մասին են գրել: Շատերը նշել են նաեւ հետագայի համար, երբ վերադառնում են քաղաքացիական կյանք, շատ դժվար է աշխատել, նորմալ կյանքով ապրել»,- ասում է Աննա Իշխանյանը:   Այս ծրագրի շրջանակներում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն  համագործակցում է Առողջապահության եւ Պաշտպանության նախարարությունների հետ, սակայն գերատեսչությունների ներկայացուցիչները ներկա չէին քննարկմանը։