Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիայի՝ ընդդեմ ՍԱՊԾ-ի. Հետք

Հասարակություն
81551_b-1

Օգոստոսի 28-ին հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության շենքի դիմաց: Պատճառը հաց և հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման սեղմ ժամկետն է: Բանն այն է, որ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր պայման է դառնալու սեպտեմբերի 1-ից, ինչին հաշված օրեր են մնացել: Եթե ժամկետից ուշանան, կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Այս մասին «Հետքին» հայտնել է հացարտադրողներից մեկը, ով խնդրել է չհրապարակել անուն-ազգանունը: Վերջինս եւս մասնակցելու է բողոքի ակցիային: Այս տարվա մարտի 14-ին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը: Հարցին, թե արդյոք դեռ այն ժամանակ տեղյակ չէին ժամկետների մասին, մեր զրուցակիցն ասում է. «Մի քանի ամիս առաջ, կարծեմ, մարտի սկզբին էր, ՍԱՊԾ-ից եկան, իրենց պայմանները դրեցին, արտադրամասը վերանորոգեցինք, մեքենաները նայեցին, ասացին՝ բոլորը համապատասխանում են: Խնդիրն այն է, որ սկզբից կոնկրետ բան չեն ասել (սանիտարական անձնագրերի մասին նկատի ունի- հեղ.), թռուցիկ զգուշացրել են ու օգոստոսի 1-ից ասել են, որ եթե չհասցնեք մինչև սեպտեմբերի 1-ն անձնագրերը հանել, տուգանելու ենք»: Հացարտադրողն ասում է, որ համաձայն է փոխադրամիջոցների համար հստակ կարգ ու պայմաններ սահմանելուն, քանի որ ինքն էլ տեսել է, թե ինչպես են ոմանք բանանի արկղերով կամ գորգի վրա հաց տեղափոխում, և երբեք չի օգտվի նման ձևով հաց տեղափոխողների արտադրանքից: Սակայն շեշտում է, որ խնդիրն այլ է. «Որպես սպառող՝ դեմ չեմ, եթե ուզում են սննդի անվտանգությանը հետևեն, թող սկսեն մանկապարտեզներից, էդքան վարակիչ հիվանդություններ են տարածվում, իսկ հիմա էն, ինչ որ ուզում են անեն, մտածում են ոչ թե առողջության մասին, այլ զուտ կոմերցիայի, ժողովրդին թալանելու ձև է»: ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված կարգում նշվում է, որ սանիտարական անձնագիր ստանալու համար փոխադրամիջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը: Մեր զրուցակիցն ասում է, որ եթե ինքն իր ուժերով գնի անհրաժեշտ պարագաները և կահավորի իր 4 մեքենաները, յուրաքանչյուրի համար մոտ 100 հազար դրամ կծախսի: Սակայն համոզված է, որ մասնագիտացված կազմակերպությունը դրական եզրակացություն չի տա: Որպես օրինակ բերում է իր ծանոթներին, որոնք իրենց ուժերով կահավորել են մեքենաները, սակայն նշված կազմակերպությունը եզրակացություն չի տվել: Ընդ որում՝ անկախ դրական կամ բացասական պատասխանից՝ փորձաքննության համար պետք է վճարել 22.000 դրամ:   Ավելին՝ այստեղ