Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնյազ պապը գտավ իր պապենական տունը Շիրվանշեյխում  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
narine2

 78-ամյա Կնյազ  Կնյազյանը  զբոսաշրջիկների խմբի հետ ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան՝ գտնելու իր նախնիների գյուղը, որի միայն անունը գիտի՝ Շիրվանշեյխ: Ամբողջ ճանապարհին միկրոավտոբուսում նա պարում է՝  սպասելով այդ պահին:  Երկար փնտրտուքից հետո,  հիմնական մայրուղուց շեղվելով,  խումբը   հայտնվում է  Կնյազ պապու նախնիների գյուղում: Բնակավայրի մասին որեւէ ցուցանակ չկար: Գյուղի ներկայիս  անունն է Ադիվար, իսկ Շիրվանշեյխ կոչվել է մինչեւ 1928 թվականը.: Տարեց տղամարդը,  որն իր պապու պատվին փոխել էր ազգանունն ու ձեռք բերել Կնյազյան ազգանունը, պատմում էր, որ կոտորածի տարիներին պապը չի փրկվել եւ սպանվել էր աղբյուրի մոտ:  Այժմ արդեն Ադիվար գյուղում Կնյազ պապը ներքին զգացողությամբ, ճշտգրտորեն գտավ իր պապենական  տան տարածքը: Այստեղի նոր բնակիչները հին պատմությունների,  հիշողությունների հիման վրա հաստատեցին Կնյազ պապիի կանխազգացումը: Այնուհետ, Կնյազ պապին սկսեց շրջել գյուղում, զրուցել բնակիչների հետ, հարցուփորձ անել՝ միգուցե գյուղի մեծերից հիշե՞ն իր պապուն: Գյուղացիները մատնացույց են անում մի տուն, որտեղ ապրում է գյուղի տարեցը: Գտան նրան: Հյուրընկալ տուն էր, որտեղ գրկաբաց են ընդունում հյուրերին: 76-ամյա տարեց քուրդը աղոտ էր հիշում  Կնյազ պապու գերդաստանին: «Գասպար, Մկրո, Կնյազ անունները ծանո՞թ են իրեն»,- հետաքրքրվում է Կնյազ պապը: narine1 Քուրդ ծերունին չգիտեր, չէր ճանաչում նման մարդկանց, փոխարենն ինքը եւս հարց ուներ. «Երեւանի ո՞ր մասից եք եկել: Մենք էլ ենք Երեւանից եկել 1915թ. հետո»: Հրաժեշտին հայ եւ քուրդ տարեցները ողջագուրվեցին: Հետդարձի ամբողջ ճանապարհին Կնյազ պապը  կրկին երգում էր.... Հայերի տեղահանման եւ հայկական հետքի վերացմանն ուղղված թուրքական իշխանությունների քայլերը անթիվ են Արեւմտյան Հայաստանում: Օրինակ՝ Կարս քաղաքում արգելված է, որպեսզի զբոսաշրջիկները Եռագույն բարձրացնեն, հակառակ պարագայում չեն բացառվում  անախորժությունները: Իսկ ընդամենը երեք ամիս առաջ Կարսի բերդի ստորոտին հայկական թաղամաս էր, որից այսօր ոչ մի հետք չի մնացել: Տեղացիների պատմությունները, թեեւ, մի փոքր չափազանցված են, սակայն իրականությանը շատ մոտ են: narine «Ասում են՝ տոննայով հանեցին ոսկին... Իրականում մեծ քանակությամբ ոսկի են հանել ու ասում են՝ էդ օրը, որ ոսկին գտել, հանում էին, ասում են՝ էս տարածքում ամբողջությամբ ոստիկանական ժանդարմիա էր՝ ոչ մեկ չէր մտնում, ոչ մեկ չէր հելնում՝ մինչեւ քանդեցին, հանեցին ամբողջը»,- պատմում է  զբոսաշրջիկների խմբի ուղեկցորդ Ռաֆայել Սահակյանը:  Թաղամասից պահպանվել է միայն մի փոքրիկ տուն, որի նկուղային հարկը լավագույն բնական սառնարանն է Կարսում: Ի դեպ, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, իսկ Կարսի բերդն ամբողջովին  խեղդված էր թուրքական դրոշներով ու մզիկթներով: