Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայրին պահելով անազատության մեջ՝ վախեցնում են հայ ժողովրդին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Volodya-Avetisyan

Այսօր սկսվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի դատաքննության փուլը։ Ճիշտ է՝ դատարանում ներկա էր 7 մեղադրյալներից միայն մեկը՝  Հովհաննես Պետրոսյանը։ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանն ու մյուսները սանկցիայի պատճառով դատարան չէին  բերվել։ Ներկա չէին նաև նրանց պաշտպանները: Պետական մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացությունը. «2015 թվականի նոյեմբերից Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ ենթախմբերով, դրանց պատասխանատուներով, նպատակ ունենալով խմբի անդամների միջոցով զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ-ի տարբեր վայրերում զավթել ռազմավարական նշանակության շենք-շինություններ՝ պետությանը հարկադրելով որոշ գործողություներ»։  Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ անձը՝ Հովհաննես Պետրոսյանը, միանգամից ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքները։ Սանկցիայի տակ գտնվող Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը պնդեց՝ իր պաշտպանյալին անհասկանալի է առաջադրված մեղադրանքը։ Հատկապես անընդունելի է զենք-զինամթերք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքը։ Հաջորդեց գործով վկաների հարցաքննությունը։ Լրատվամիջոցներին արգելվեց տեսագրել այն։ Իսկ գործի դատաքննության սկսվելը Ժիրայր Սեֆիլյանի ու Հովհաննես Պողոսյանի պաշտպաններին փոխարինած հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանին տեղեկացրեց՝ ինքը փորձել է կալանավայրում տեսակցել Սեֆիլյանի ու Պողոսյանի հետ։ Վերջիններս փաստաբանին թույլ չեն տալիս դատարանում ներկայացնել իրենց շահերը. «Ես հայտարարում եմ, որ ես՝ Մարինե Թովմասյանս, որևէ ձևով Պաշտպանին վերապահված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես՝ Սեֆիլյանի և Պողոսյանի գործով,  չեմ կարող իրականացնել»։ Հիշեցենք՝ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանն արդեն 3 դատական նիստ է՝ սանկցիաների ենթարկված պաշտպանյալների հորդորով չեն ներկայանում դատարան։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանրային պաշտպանին հիշեցրեց՝ ինքը հնարավորություն չունի հրաժարվել իր իրավունքներից։   «Դուք դատարանի որոշմամբ ձեռք եք բերել պաշտպանի դատավարական կարգավիճակ և Ձեր իրավունքներից պետք է օգտվեք բարեխղճորեն, իսկ պարտականությունները կատարեք պատշաճ»,- ասաց դատավորը։ Մարինե Թովմասյանը ևս մեկ անգամ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին կրկնեց՝ ինքը չի կարող դատարանում ներկայացնել Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանը շահերը, քանի որ չունի նրանց համաձայնությունը։ Նաև այդ պատճառով՝ փաստաբանը միջնորդեց դատարան բերել սանկցիայի ենթարկված Ժիրայր Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել իրենց վերաբերվող քրեական գործով դատական նիստին։ 1 ժամ խորհրդակցական սենյակում անցկացրած դատավորը մերժեց Հանրային պաշտպանի միջնորդությունը։ Փոխարենը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլատրեց Ժիրայր Սեֆիլյանի ընտանիքի անդամներին տեսակցել նրա հետ։ Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը չնայած հայտարարեց, որ ինքը չի զբաղվելու Ժիրայր Սեֆիլյանի և Հովհաննես Պողոսյանի շահերի պաշտպանությամբ, այնուամենայնիվ, դատարանում մնաց մինչև վերջ։ Դատական նիստին հետևում էր նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը. «Ժիրայրին պահելով անազատության մեջ՝ վախեցնում են հայ ժողովրդին, ազատամարտիկներին, որ նայեք՝ ձեզ հետ ինչ կլինի։ Մենք սատարելու ենք Ժիրայր Սեֆիլյանին իր անմեղությունը հաստատելու, հետագայում պայքարելու համար։ Սա բառիս բուն իմաստով բռնապետություն է, և այսօրվա իշխանությունները պետական դավաճաններ են»,- ասաց ազատամարտիկը։ Վոլոդյա Ավետիսյանը շինծու որակեց Սեֆիլյանին ու մյուսներին առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։