Հայկական կողմի արձագանքը պետք է լինի կոշտ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը համապատասխան քայլ էր՝ պարզելու երկու կողմերի հանրության արձագանքը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հրապարակված՝  ԼՂ հակամարտության կարգավորման 6 կետերին։

«Ինձ ոչ թե այդ կետերն են հետաքրքրում, այլ Արտաքին գործերի նախարարության արձագանքը,  երբ ասում են, թե որևէ նոր բան չկա: Եթե նոր բան չկա, նշանակում է՝ դուք համաձայնել եք քննարկել այս հարցերը հենց այս սկզբունքներով»: 

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ. «Արդեն հոգնել ենք տասնյակ անգամ ասել, թե ինչ սկզբունքների հիման վրա կարելի է բանակցություններ վարել, միշտ ասել ենք՝ եթե դուք այսքան խորանում եք այս հարցում, վաղը ցանկության դեպքում չեք կարողանալու հրաժարվել դրանից», – նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահը՝ ընդգծելով, որ ժամանակին Սերժ Սարգսյանին առաջարկել են երևանյան սկզբունքներ. «Եթե խաղաղություն են ուզում, ապա մինչև վստահություն չլինի երկու ժողովուրդների միջև, որևէ խաղաղության մասին խոսք չի կարող լինել:  Արամ Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը չպետք է հանգիստ նստի ու հայտարարի, թե որևէ նոր բան չկա Հոգլանդի հայտարարության մեջ: Արձագանքը պետք է լինի շատ կոշտ, շատ հստակ,  պետք է իմանան, որ հանրությունը չի ընդունելու այս ամենը.  «Արցախի հանրապետության ղեկավարությունը պետք է շատ ավելի կոշտ որոշում ընդունի, քանի որ խնդիրն ուղիղ իրենց է առնչվում: Ի՞նչ է, Բակո Սահակյանը համաձայնելո՞ւ է, որ Արցախի Սահմանադրությունը խախտվի, 7 շրջանները ներառված են այսօրվա Արցախի հանրապետության կազմում, եթե դուք դա ընդունելու եք, ուրեմն խախտելու եք ձեր Սահմանադրությունը» , – նշեց Արամ Սարգսյանը:

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե հայկական իրականության  մեջ նոր օրակարգ բերելու խնդիր է դրվել: «Եթե դա է եղել Հոգլանդի նպատակը, ապա նա հասել է իր նպատակին: Եթե նպատակը ցույց տալն էր, որ ԱՄՆ-ն նույնպես մասնակից է Արցախի հիմնախնդրի լուծմանը, ուրեմն էլի հասել է իր նպատակին՝ հաշվի առնելով, որ հենց այդ օրը Պուտին-Սարգսյան հանդիպումն էր, հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան առճակատումը…» , – նշեց Թևան Պողոսյանը: Քաղաքագետի խոսքով՝ այս խնդրից ելնելով՝ հայկական կողմը պետք է սեփական օրակարգից չհեռանա, այս և նման այլ հնարավորություններն օգտագործի ու հարց հնչեցնի՝ արդյո՞ք Հայաստանի իշխանություններն այսօր որևէ լումա ավելին են արել անվտանգության բարձրացման, տնտեսության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների համար:  «Հզոր կլինենք, հոգլանդներ կգան- կգնան, իրականությունը լինելու է այն, ինչ մենք ենք թելադրելու» , – ընդգծեց Թևան Պողոսյանը: