Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չարժե հայտարարությունների նկատմամբ այդքան կրքոտ լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan

«Որևէ տարօրինակ բան չկա Մինսկի խմբի ամերիկացի ներկայիս համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Ըստ նրա՝ եթե ուշադիր հետևենք 1992 թվականից մինչև մեր օրերը եռանախագահող երկրների համատեղ հայտարարություններին, ապա կարելի է նկատել որոշակի օրինաչափություն։ Այն ժամանակ, երբ հանդիպումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում քննարկվում է ԼՂ հիմնախնդիրը, համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ համատեղ հայտարարություններ են անում.  «Հոգլանդի վերջին հայտարարությունը չի բացառվում, որ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Սոչիում Պուտինի հետ։ Դա հիշեցում է. համանախագահող երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ փորձում են հիշեցնել հետևյալը՝ հարցի քննարկման ժամանակ նկատի ունեցեք մեզ և մեր տեսակետը, և հնչեցնում են ինչ-որ տեսակետ, որն ընդհանուր է, որը 1992  թվականից մինչև հիմա լուրջ փոփոխության չի ենթարկվել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, թե ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել Հայաստանի և Արցախի հանրապետության ղեկավարների հայտարարություններին, համաձայն որոնց լուծման հիմնական ձևաչափը  կարող է լինել նախևառաջ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ տարբեր խնդիրների։ «Ես խնդրում եմ մոռանալ զիջում բառը, քանի որ Հայաստանը երբեք չի գնալու որևէ կարգի լուծման,  որը չբխի բացառապես հայկական կողմի շահերից, կամ Արցախի որոշումը չլինի։ Սա բազմիցս նախագահն ասել է, ու չարժե այլ հայտարարությունների նկատմամբ այդքան կրքոտ լինել կամ վտանգ տեսնել դրանց մեջ», - նշեց Իսագուլյանը։