Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդյան սկզբունքների բառափոխում. ԼՂՀ ԱԳՆ պատասխանը՝ Հոգլանդին

Քաղաքականություն
karen-mirzoyan

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Արցախի հանրային հեռուստատեսությանը  Հարց Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։  Պատասխան․ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։ 2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։ Այսօր, նախ և առաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը։