Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շեկաղբյուրի փորձաքննական գործընթացը դադարեցվել է. Էկոլուր

Հասարակություն
shek

ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման նախնական գնահատման հայտը վերադարձվել է լրամշակման, փորձաքննական գործընթացը դադարեցվել է մինչև լրամշակված հայտը ներկայացնելը: Այս մասին ասված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի պատասխան նամակում՝ ուղղված Արդվի համայնքի բնակիչներին: Հիշեցնենք, որ Արդվի համայնքի բնակիչները ս.թ. օգոստոսի 1-ին 94 ստորագրությամբնամակ էին ուղարկել ՀՀ կառավարություն՝ պահանջով մերժել «Միռամ» ընկերության`Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: ՀՀ բնապահպանության նախարարության ս.թ. օգոստոսի 11-ի պատասխան նամակում ասված է. «Ի պատասխան Ձեր 2017 թ-ի օգոստոսի 1-ի հարցման հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել ոչ թե օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան փաստաթղթեր, այլ ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման 2017-2020 թթ-ի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և աշխատանքային ծրագիրը: Համաձայն նախնական գնահատման հայտի, տարածքում տեղակայված են պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կամ կարծիք ստանալու համար փորձաքննական գործընթացին ներգրավվել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: Փորձաքննական գործընթացում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիտարկվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների (մթնոլորտային օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն, մշակույթի հուշարձաններ և այլն) վրա, գործընթացում հաշվի են առնվում նաև հանրության կողմից բարձրացված հարցադրումները: Հանրության կարծիքը հաշվի առնելու նպատակով Արդվի համայնքում հուլիսի 26-ին նախատեսվել էր իրականացնել հանրային քննարկում: Քննարկումը բողոքի ակցիայի պատճառով հնարավոր չեղավ իրականացնել և լսել հանրության մտահոգությունները և բարձրացված հարցադրումները: Ինչ վերաբերում է հանրային քննարկման արձանագրությունն անվավեր ճանաչելուն, ՀՀ բնապահպանության նախարարությունը նման իրավասություն չունի: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 26-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 1325-Ն որոշման 3-րդ կետի՝ հանրային քննարկումների առաջին փուլի պատասխանատուն համարվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները: Փորձաքննական գործընթացում ի հայտ եկած առաջարկություններով, ինչպես նաև համացանցում հնչեցված հանրության մտահոգություններով, որում ներառված են նաև գրությամբ ներկայացված հարցադրումները, նախնական գնահատման հայտը 28.07.2017 թ-ին վերադարձվել է լրամշակման և փորձաքննական գործընթացն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է մինչև լրամշակված հայտը ներկայացնելը: Ինչ վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման ազդեցությանը շրջակա միջավայրի վրա, այդ թվում՝ համայնքի արոտավայրերի կրճատմանը, համայնքի էկոհամակարգի խախտմանը, ՄԱԿ-ի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի նախագծի իրականացման հարցերին, ապա դրանց հնարավոր կլինի անդրադառնալ հանքավայրի պաշարների հաստատման և օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ներկայացնելու դեպքում»:

Էկոլուր