Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանը կքննի ընդդիմադիրների դեմ որոշումների իրավաչափությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hovsep-Khurshudyan-nkar

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում քննության կառնի Հայաստանից ստացված քաղաքական նշանակության հերթական գործը։ Եվրոպական ատյանն օրեր առաջ գրանցել է ընդդիմադիր գործիչներ Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի գանգատները։ «Սասնա ծռեր» գործողությունից հետո կալանավորված ընդդիմադիրները բողոքարկում են իրենց կալանավորելու որոշումների իրավաչափությունը։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ մեղադրվող ընդդիմադիրները կալանավորվել էին անցած ամառ՝ Սարի թաղում հուլիսի 29-ի քաղաքական հավաքներից հետո։ Կալանավայրում 1-2 ամիս անցկացնելուց հետո ազատ էին արձակվել, բացառությամբ Անդրիաս Ղուկասյանի։  «Կեղծվել են գործի հանգամանքները, ցուցմունքներ՝ մեղադրանքի հիմքում օգտագործելու համար դրվել են ոստիկանության կողմից ներկայացված ցուցմունքները, թե իբր ոստիկանները տեսել են, թե ինչպես օրինակ Հովսեփ Խուրշուդյանը քար նետել և նմանատիպ գործողություն է վերագրվել Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը։ Քարեր նետելու, ոստիկաններին բռնության ենթարկելու արարք քննչական մարմինները վերագրել էին ակտիվիստ Վահագն Ղումաշյանին։ 47 օր կալանքի տակ գտնվելուց հետո միայն Ղումաշյանը ազատ արձակվեց։ «Մենք կարողացանք ապացուցել, որ նշված օրը նշված հանգամանքներում Վահագն Ղումաշյանը նույնիսկ Սարի թաղում չի գտնվել»,- ասում է Հայկուհի Հարությունյանը։ Իրավապաշտպանի ունեցած փաստերը գալիս են ապացուցելու՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ընդդիմադիրները չէ, որ զանգվածային անկարգություններ են կազմակերպել։  «Հենց ոստիկանության շարքերից քաղաքացիական անձինք քարեր են նետում դեպի հավաքի մասնակիցները, փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ։ Սրանք ևս գնահատականի չեն արժանացել։ Կան փաստեր, որ մինչ ոստիկանության գործողությունները ոստիկանության սահմանած պատնեշն անցնում են քաղաքացիական անձինք, որոնք ձեռքի շարժումով ինչ-որ բան են գցում իրենց բերանը, հետո այդ անձանց մենք նույնականացնում ենք Սարի թաղում, որոնց ձեռքերին կան փայտեր, նետում էին քարեր։ Դա կազմակերպվել է ոստիկանության ջանքերով, մինչդեռ գործողությունները վերագրել են հավաքի մասնակիցներին»։ Այս հանգամանքն, ըստ իրավապաշտպանի, ապացուցում է՝ ընդդիմադիրները կալանավորվել էին քաղաքական հայացքների համար։ Սա չի վրիպի նաև Եվրոպական դատարանի աչքից։  2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպվելու մեջ մինչ օրս մեղադրվում է Ժառանգության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։  «Իրականում քաղաքական հետապնդում է։ Ովքեր կազմակերպում էին հավաքների խաղաղ բնույթը, պետք էր իրենց մեկուսացնել, որ զանգվածային անկարգությունները, որ ոստիկաններն էին կազմակերպել, որի արդյունքում տուժեցին լրագրողներ, այլ մարդիկ, կարողանային հաջողությամբ ավարտել»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը։ Ընդդիմադիր գործիչն այդ օրը Սարի թաղում հայտնվել էր ավելի ուշ, քան ոստիկանները սկսել էին գրոհը քաղաքացիների վրա։ Ըստ մեղադրանքի՝ նա ոստիկանների ուղղությամբ քարեր է նետել, և այդ պահը տեսել են միայն երկու ոստիկաններ։  «Երբ առերեսման ժամանակ ասում եմ որտե՞ղ է այդ դեպքը եղել, ասում են չենք հիշում, հարց եմ տալիս՝ ո՞ր ժամին է եղել, ասում են՝ չենք հիշում։ Չեն հիշում՝ ինչ-որ մեկին կպե՞լ է, ինչ-որ մեկին վնաս տվե՞լ է, ասում են՝ չեմ հիշում։ Բայց իրենք կողքից տեսել են, որ Հովսեփ Էդմոնի Խուրշուդյանը քար է նետել ոստիկանների ուղղությամբ»,- պատմում է Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա գնահատմամբ՝ ցավալին այն է, որ դատաիրավական համակարգի անօրինական որոշումների պատճառով տուժում են ոչ թե պատվիրատուները, այլ հարված է հասցվում Հայաստանի միջազգային վարկին. «Ցավոք Հայաստանն իրավական պետություն չի, և եթե այսպես շարունակվի, չի էլ դառնա։ Ամեն ինչ գալիս է ընտրություններից, երբ որ տարբեր անբաններ, ջեբկիրներ գողանում ու կեղծում են ձայները, կաշառքներ բաժանելով իշխանության են գալիս, և ձևավորում են իրենց իշխանությունը, այդ թվում՝ դատական համակարգը»։ Հովսեփ Խուրշուդյանը չի բացառում, որ ի վերջո խելամտությունը կհաղթի ու ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Բայց եթե դա տեղի չունենա, արդարության հասնելու միակ ատյանը կմնա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։