Ոռոգվում է հողատարածքների միայն կեսը

Կառավարության նիստն այսօր սկսվեց կրկին հողատարածքների ոռոգման խնդրին անդրադարձով։ Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար:

Սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հա սահմաններում: Վարչապետ Կարեն Կարապետյանի կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ. «Դա անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին և մարզպետներին մեկամսյա ժամկետում Ջրտնտպետկոմին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տեղեկատվություն ու տվյալներ՝ ըստ պատկանելության:

Երկրորդ, Ջրտնտպետկոմի նախագահին հանձնարարվեց այդ տեղեկատվությունն ստանալուն պես երկամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել միջոցառումներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն: «Խնդիրն ինձ թվում է՝ շատ պարզ է ձևակերպված: Մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք, մենք ունենք հանձնարարություն փոքր ու միջին ջրամբարների կառուցման վերաբերյալ և այլն: Այսօր պետք է հստակ Ջրային տնտեսության կոմիտեի առջև ձևակերպել հանձնարարականը, այս հանձնարարականին հսկողություն եք սահմանում»,- հանձնարարեց վարչապետը: