Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի հիմնական խնդիրը պապայի վերարտադրությունն է. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2508e4bf8fd6a068ca988c4dbc1eca75

Անկախության առաջին օրերին մենք այսպիսի Հայաստանի սպասումներ չունեինք,-ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Վերջինս ՀՀՇ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, որը հիշում է առաջին տարիներ տնտեսական իրական եւ կեղծ խնդիրները: Այդպիսի մի խնդիր էր մազութի գործը, որի մասին էներգետիկ ճգնաժամից հետո մի քանի տարի խոսում էր Արշակ Սադոյանը. «Մազութի գործ չկար էն պարզ պատճառով, որ ձեւ չկար մազութ ներկրելու»: Պարոն Ասատրյանը հիշում է, որ այդ աղմուկը բավարար էր, որպեսզի քրեական գործ էլ հարուցվի: Նա ասում է, որ մազութի գողություն, այո, եղել է. «Գողացել են էն մարդիկ, որոնք հետագայում պաշտոնյաներ դառան»: Տնտեսագետը Հայաստանի անկախությանը հասցված հարված չէր համարի, ասենք, 2002-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ   կնքված «Գույք պարտքի դիմաց» գործարքը: Որի ժամանակ Ռուսաստանի լիարժեք սեփականությունը դարձավ Հայաստանի էներգետիկ չորս խոշոր ձեռնարկություն. «Այդտեղ կոռուպցիոն էական տարր կար, ի վերջո, եթե էսպես, գործարքի կողմնակիցների ճակատագրին հետեւես, ահագին բաներ էլ կարելի է հասկանալ: Ինչ-որ մարդիկ, կոնկրետ մարդիկ շահեցին: Գործարք նախաձեռնողները շահեցին եւ հիմա բարգավաճում են հենց այս արդյունքով կամ էն երկրում, որին Հայաստանը պարտք եղավ»: 2000-ականները Կենտրոնական բանկի նախկին նախագահը համարում է պետական շինարարության գործընթացը քիչ թե շատ տեսքի բերելու տարիներ: Այդ ժամանակ կար հնարավորություն տնտեսությունը զարգացնելու: Նույնիսկ փող մտավ Հայաստան, շատ փող. «Բայց փողի շատ նեղ ուղղություններ մատնանշեցին հենց քաղաքական ղեկավարությունը: Հիշում եք ինչ էր: Հիմնական էդ տարիներին աշխուժության պատճառը, տնտեսական աշխուժության, աճ չեմ ուզում ասեմ... –Շինարարություն, ճանապարհներ: -Շինարարությունը տեսանք որտեղ է... –Հա, Կենտրոնում: -Կոռուպցիոն բաղադրիչն ավելի մեծանում էր եւ պարզվեց, որ 2008-09 թվականներին պարզվեց, որ իրականում դա աճ չէր, ավելի շատ փուչիկ էր»: Անկախության երրորդ տասնամյակը, որի ժամանակ իշխանության ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Բագրատ Ասատրյանը համարում է ուղղակի կորցրած:Հայաստանն արձանագրել է միայն անկումային ցուցանիշներ: Իսկ վերջին տասնամյակի արտագաղթը, պարոն Ասատրյանը թվերն անձամբ է հաշվել, աննախադեպ է անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում. «2008-2016 թվականների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան ժամանածների եւ Հայաստանից մեկնածների տարբերությունը ի օգուտ մեկնածների կազմում է 388 հազար մարդ»: Մենաշնորհների եւ կոռուպցիայի մեջ թաղված երկրի ճակատագիրն է այդպիսի արտագաղթը: Իսկ գնացողները մարդիկ էին, որոնք կարող էին այստեղ արժեք ստեղծել: Հայաստանը դարձել է փակ եւ տոտալիտար համակարգով երկիր: Տնտեսության հիմնական բաժինը պատյանում է միայն մի քանի հոգու: Լուծումն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտից պետք է հեռանա Հանրապետականը. «Ես վստահ էլ չեմ, որ կուսակցությունը ունի ծրագիր. Իրավիճակային, հիմնական խնդիրը էսպես իրանց պապայի վերարտադրությունը ապահովելն է»: Սակայն այս իրավիճակը Հայաստանում չի խոստանում սոցիալական բողոքներ, հեղափոխություն կամ գոնե փողոցային պայքար: Պատճառն, ըստ Բագրատ Ասատրյանի մեր ազգային նկարագիրն է. «Հայը ինքը, էսպես, նեղությունը հրապարակող չի, սոցիալական դժվարությունը հրապարակող չի: Մենք մեզ գիտենք՝ կնստենք խոհանոցներում կտրտնջանք, հա՞, փակ մի հատվածում կնվնվանք, բայց երբեք հրապարակ չենք հանի»: