Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերճ Զեյթունցյանը հեռու էր ինտրիգներից. Էդվարդ Միլիտոնյան

Հասարակություն
zeytuncyan

Օգոստոսի  21-ին  79 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Ա 1 +»- հետ զրույցում նախ ներկայացնում է Պերճ Զեյթունցյանին. «Զեյթունցյանը 15 տարեկանում հրատարակում է  իր առաջին գիրքը և երիտասարդ տարիքում արդեն իսկ ընդգծված անուն էր: Նրա ստեղծագործությունները քննարկում էին ժամանակի գրականագետները: Հետագա տարիներին նա գրեց վիպակներ, վեպեր, պիեսներ և այդ գրքերը նոր հոսանք էին բերում իրենց հետ թեմատիկ առումով»։ Զեյթունցյանի հրապարակախոսական հոդվածները ևս մեծ նշանակություն ունեն, և դրանք նույնպես պետք չէ մոռանալ. «Պերճ Զեյթունցյանն իր հրապարակախոսություններում անդրադառնում է ժամանակաշրջանին, խնդիրներին, ինչպես նաև հայ ժողովրդին: Նա այդ հոդվածներում քննում էր մեր թերությունները, նշում էր բացթողումներն ու տալիս էր իր մեկնաբանությունը: Նա արժանացել է պետական մրցանակների ու պարգևների, և ոչ ոք չի կարող առարկել ու ասել, թե ինչու է Զեյթունցյանն արժանացել այդ պարգևներին»: Գրողների միության նախագահը ցավով է փաստում, որ Զեյթունցյանի կորուստը մեծ հարված է ինչպես իր, այնպես էլ հայ ժողովրդի համար: «Շիտակ ու ճշգրիտ մարդ էր, ու նա ամեն ինչ անում էր հանուն հայ քաղաքացու, հանուն գրականության ու հայ մարդու նոր մտածելակերպի: Նա իսկական գրողի ու մտավորականի կերպար էր: Հեռու էր ինտրիգներից  և հարգանքի դաշտ էր ստեղծում իր շուրջը: Զեյթունցյանի պես հեղինակները հող են նախապատրաստում նոր հեղինակների համար և ընդարձակում մշակութային դաշտը: Նրա ամեն գործը շարժող մեխանիզմ է: Ապագա ընթերցողի ու սերնդի համար նա նոր շերտերով է բացվելու իր քննարկած նյութով, ոճով և նպատակային հարցադրումներով»: Հիշեցնենք, որ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 24-ին, ժամը 12:00-13:30-ը, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: