Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռի գերեզմանատանը հուղարկավորվեց եպիսկոպոս Շաքարյանը

Պաշտոնական
mayrat

Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին Մայր Աթոռի միաբանները` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Մինչ այդ, օգոստոսի 22-ի երեկոյան, բարեհիշատակ Նարեկ Սրբազանի աճյունը դրվեց Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կատարվեց Եկեղեցու կարգը և բազում հոգևորականներ և հավատացյալներ վերջին հրաժեշտ տվեցին Նարեկ Սրբազանին: Օգոստոսի 23-ի առավոտյան Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը Ս. Պատարագ մատուցեց, որի ընթացքում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կատարեց հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը: Ս. Պատարագին Հովնան Սրբազանն ընթերցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Նարեկ Սրբազանի վերջին օծման և հուղարկավորության առիթով, որում ի մասնավորի ասվում է. «Սիրելիներ, տխրությունը մեր սրտերում հրաժեշտ ենք տալիս Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ և նվիրյալ սպասավոր Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանին` ուղեկցելով դեպի կյանքի հավիտենական հանգրվանը: Լուսահոգի Նարեկ Սրբազանը Սուրբ Էջմիածնի հովանու ներքո ստացավ իր հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը և խորհրդային հասարակարգի պայմաններում, աստվածմերժության դժվարին տարիներին արձագանքելով տերունական կոչին` ստանձնեց կուսակրոն հոգևորականի առաքելությունը, որպեսզի իր ծառայությունը բերի հավատավոր մեր ժողովրդին, նպաստի ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին: Հոգելույս Սրբազանը երկարամյա գովելի սպասավորություն մատուցեց հայոց հոգևոր կենտրոնում` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Նա անդամ էր Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնաժողովի, նաև նվիրյալ ծառայությամբ արդյունավորում էր Տիրոջ Խոսքի քարոզչությունն ու Սուրբ Սեղանին սպասավորությունը` տարիներ շարունակ լինելով Սուրբ Գեղարդավանքի վանահայրը: Եկեղեցու պայծառության և ժողովրդի առաջընթացի ու հոգևոր կյանքի վերելքի նախանձախնդրությամբ լուսահոգի Նարեկ Սրբազանը շարունակեց իր առաքելությունը` որպես Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, ապա նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Շիրակի թեմի առաջնորդ: Մեր ժողովրդին պատուհասած ողբերգական երկրաշարժի օրերին և աղետին հաջորդած ծանր ժամանակաշրջանում բարեհիշատակ Սրբազանը Շիրակի թեմի իր սիրելի հավատավոր զավակների հետ էր` կիսելու նրանց վիշտն ու ցավը, ինչպես նաև կարևոր մասնակցություն էր բերում թեմի քաղաքների ու գյուղերի վերականգնողական աշխատանքների և վերաշինությունների կազմակերպման ու համակարգման գործում: Լուսահոգի Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը Սփյուռքի Մեր զավակներին ևս իր ծառայությունը մատուցեց` սպասավորելով Ֆրանսիայի հայ համայնքներում, հայրենիքից հեռու ապրող հայորդյաց ներաշխարհում ամրապնդելով հավատքն առ Աստված և սերն ու նվիրումը առ հայրենին: Երկրային իր կյանքի վերջին տարիներին հոգելույս Սրբազանը վերադարձավ Մայր Հայրենիք` շարունակելով օգտակար ծառայություններ բերել Շիրակի թեմում: mayr at Հիրավի, ցավ է ամենքիս համար Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի կորուստը: Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հավատարիմ հետևորդներին հավիտենական կյանքի ու երանության խոստումը տալով` ասում է. «Ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. ԺԲ 26): Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Տիրոջ այդ խոսքի համաձայն` Բարեգութն Աստված երկնից երանավետ օթևաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Իր սպասավորի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, արժանի դարձնի հավերժական երանությանն ու խնդությանը և Սուրբ Հոգու շնորհներով սփոփանք պարգևի ամենքիս: Աղոթք և օրհնություն Նարեկ Սրբազանի բարի և լույս հիշատակին»: Ս. Պատարագի և վերջին օծման կարգի ավարտից հետո, հանգուցյալ Նարեկ Սրբազանի աճյունը տեղափոխվեց Մայր Աթոռ` ամփոփվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: Մայր Աթոռ