Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը գրանցել է Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի, Վ. Ղումաշյանի գանգատները

Քաղաքականություն
միեդ

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: 2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել  Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի և Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները: Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր և ,  Դ. Սանասարյանը՝ 22 օր, և նրանք և ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, և ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում: Կալանքը՝ որպես խափաման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Մարիտիրոսյանը, Դ. Սանասարյանը նշված զանգվածային անկարգություններ իրագործելու նպատակով  երթի այլ մասնակիցների հետ միասին, բռնություն գործադրելով՝ քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի թաղամաս տանող ճանապարհը արգելափակած՝ ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ  և տեղակայվել «Սարի թաղ» կոչվող թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի հատվածում: Նրանց ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգությունները: Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նաև նկարագրված զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ քարեր նետելու միջոցով ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Հատկանշական է, որ Վ. Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը: Գանգատները պատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կողմից, փաստաբաններ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Ռևազյանի, Գիվի Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ: ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահմանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով Դիմումատուները պնդել են նաև, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Դիմումատուները Դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: Այս միջոցով իշխանությունները ջանացել են լռեցնել և մեկուսացնել իրենց հավաքների մասնակցության, դրանց առաջնորդումը ստանձնելու հնարավորությունից: Միաժամանակ, այդ կերպ իշխանությունը «պատժի» ազդակ է հնչեցրել բոլոր նրանց համար, ովքեր կհամաձակվեին հետևել իրենց օրինակին և ակտիվություն դրսևորել: Դիմումատուները իշխանության նման վարքագիծը համեմատել են 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական հավաքների ժամանակ իշխանության կողմից դրսևորած վարքագծի հետ և եզրահանգել, որ ՀՀ Քրեական օրենսգքրի 225-րդ հոդվածի կիրառումը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել և մասնակցել, արդեն փորձված տարբերակ է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ավելին՝ դիմումատուները հիմանվորել են նաև, որ իրենց ազատազրկումը եղել է քաղաքական որոշում և որևէ իրավական հիմք չի ունեցել: Այս պնդումը հիմնավորվել է նաև այն փաստերով, որ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց, կիրառելու որոշումը փոխվել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներից հետո: