Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը մերժվեց

Քաղաքականություն
21057205_1609160985802292_1864722624_o

13.15 Ընդմիջումից հետո դատավոր Արտյուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Նիստերի դահլիճ բերվեց Արայիկ Խանդոյանը, ում դեպքում լրացել է սանկցիայի ժամանակը։ Ներկաները ծափահարում էին ու գոռում՝ «Ա-րա-յիկ»։ Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը լիազորված չէ դատարանում ներկայացնել Կարո Եղնուկյանի շահերը, եթե վերջինս բացակայում է դահլիճից։ Փաստաբան Հայրապետյանը հայտարարեց՝ ինքը պետք է լքի դահլիճը. «Ես Ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը», ֊ պատասխանեց դատավոր Գաբրիելյանը։ Փաստաբանը հիշեցրեց՝ Կարո Եղնուկյանը դեռ մի քանի նիստ առաջ է դիմել դատարանին, որով տեղեկացրել է, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանը լիազորված չէ իր շահերը ներկայացնել։ Դատավորի որոշմամբ՝ չնայած կիրառված սանկցիաների ժամանակը չէր լրացել, դահլիճ բերվեցին Արեգ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը, Պավել Մանուկյանը։ Սասնա ծռեր խմբի համակիրները ծափողջյուններով դիմավորեցին նրանց։ sasna 12. 09 Այսօր Սասնա ծռերի գործով դատավարության ժամանակ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Փաստաբանը մինչ այդ միջնորդել էր դատարանի դահլիճ չբերել Կարո Եղնուկյանին՝ նրա առողջական վիճակի պատճառով։ Փաստաբանի պնդմամբ՝ դատավորն ավելի վաղ խախտել է Եղնուկյանի իրավունքները, երբ նա դատարան է բերվել։ Այդպիսով, ըստ փաստաբանի, Եղնուկյանի արժանապատվությանը հարված է հասցվել։ Արտյուշ Գաբրիելյանը նշեց, որ Եղնուկյանի նկատմամբ սանկցիա է կիրառել, և նա այսպես թե այնպես չի բերվելու դատարան։ Փաստաբանը հայտարարեց, որ ինքը բավարարված չէ դատավորի խոսքից և պնդեց դատարանին ինքնաբացարկի դիմումն ընդունել։ «Սասնա ծռեր» խմբի անդամների մյուս փաստաբանները ևս միացան Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդությանը։ Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատավորը նույն վերաբերմունքն ունի նաև Պավել Մանուկյանի նկատմամբ, որն արժանացել է անմարդկային վերաբերմունքի։ Ինեսսա Պետրոսյանը հիշեցրեց նաև, որ դատավորը ջրի շիշ դատարան բերելու համար սանկցիա է կիրառել Կարո Եղնուկյանի նկատմամբ. «Ես գտնում եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր է»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նիստը կվերսկսվի 1 ժամից։