Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանի առանձնատունը պետք է հետ վերադարձնենք. Զարուհի Փոստանջյանի բացահայտումները (տեսանյութ)

Քաղաքականություն
Zaruhi-Postanjyan-nkar

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիներից պաշտպանվում է ոստիկանական պատի միջոցով։ Երևանի քաղաքապետարանում նրա աշխատասենյակի մատույցներում ոստիկանական հենակետ է տեղակայվել։ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղում հերթապահող ոստիկանին՝ «Այստեղ դրված սեղանը ի՞նչ նպատակ ունի»։ Ոստիկանի պատասխանը. «Որպեսզի, մարդիկ գալիս են չգնան քաղաքապետի մոտ»։ https://youtu.be/8-pZeMJQBjo Ընդամենը մի քանի ամիսը բավարար է եղել, որ քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը հայտնաբերի քաղաքապետարանի շռայլ ծախսերի մի ամբողջ շարան։ Եվ այսպես՝ Տարոն Մարգարյանի աշխատակազմն ամսական 35 000 դոլարի աշխատավարձ է ստանում։ Քաղաքապետարանը 1 միլիոն դոլարի վարկ է վերցրել՝ մայրաքաղաքում տրանսպորտային նոր համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու։ Անցած տարի Երևանի քաղաքապետարանը մոտ 25 000 դոլարի կոնյակ է գնել, 1.7 միլիոն դրամի՝ մեդալներ։  Փոստանջյանը նաև հիշեցնում է՝ քաղաքապետարանն ունի ծառայողական այնքան մեքենա, որքան Ազգային ժողովը։ Հիմա էլ պատրաստվում են գումարներ ուղղել Անկախության օրն ու Էրեբունի-Երևանը տոնակատարության վերածելու նպատակին։  «Գավառամիտ մարդիկ են ընդգրկված Երևանի քաղաքապետարանում։ Երբ տեսնում ես՝ ամսի 21-ին այսպիսի գումարներ վատնեն, սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ ոչ ազգային ենոչ գրագետ են, ոչ առաջադեմ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանում է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ «Երկիր Ծիրանի»-ն դատարանում կփորձի պարզել՝  Տարոն Մարգարյանն, ով ամբողջ կյանքում պետական պաշտոնյա է եղել, որտեղի՞ց է կուտակել միլիոնավոր դոլարների հարստություն։ Սրա ֆոնին 30 000 երեխա Երևանում սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին. «Տարոն Մարգարյանի առանձնատունը պետք է արդար դատաքննության միջոցով հետ վերադարձնենք։ Մեր մանուկները պետք է ունենան մանկապարտեզ»։ Զարուհի Փոստանջյանը սուր է հակադարձում իրենց ուղղվող քննադատություններին, թե ի տարբերություն «Ելք» դաշինքի, իրենք չեն գնում Երևանի փոքր հարցերի լուծման հետևից, օրինակ՝ Վերնիսաժում հնչող տհաճ երաժշտության դեմ չեն պայքարում. «Քանի որ նրանք առաջնորդվում են Բաղրամյան 26-ի հանձնարարականներով, հետևաբար՝ պետք է կոսմետիկ բնույթի առաջարկներ ներկայացնեն։ Իսկ Երկիր Ծիրանին համակարգային փոփոխությունների կողմնակիցն է»։ Համակարգային փոփոխությունը ենթադրում է իշխող համակարգը սնող կոռուպցիայի ու աղքատության վերացումը։ Դժվար է սոված մարդուն քաղաքական պայքարի տանել ու հաղթել։ Օրերս Գյումրիում եղած Փոստանջյանը ականատես է եղել համատարած թշվառության։ Ըդդիմադիր գործիչը եզրակացնում է՝ Հայաստանը խժռվում է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի երախներում, բայց նա լավատես է. իշխող համակարգին չի օգնի անգամ Կարեն Կարապետյանի կառավարությունը։  «Մենք ընդդիմանում են Սերժ Սարգսյանին, որպես այս արատավոր երևույթների ներկայացուցիչ, նրան պետք է ուղղակի ոչնչացնել, նրան և այդ համակարգը .... ոչնչացնել չեմ ասում ֆիզիկական իմաստով, այլ որպես գաղափարախոսություն, քաղաքականություն։ Վերջին բոլշևիկը երևույթ է, որին պետք է ոչնչացնել»,- ասում է տիկին Փոստանջյանը։ Նա չի կրկնի 25 տարվա ընդդիմադիրների տխուրը փորձը՝ ժողովրդին հավաքել հրապարակներում, իսկ նրա թիկունքում գործակցել իշխանության հետ ու վերջում հավաքվածներին տուն ուղարկել. «Ովքեր եղել են 25 տարիների ընթացքում, իրենց սպառել են և բացարձակ պիտանի չեն քաղաքականությամբ զբաղվելու։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական նոր ընտրանի։ Այդ ընտրանի պետք է կազմված լինի անդրսահմանային ազգի ներկայացուցիչներից։ Նրանցից շատերն ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ։ Այստեղ գտնվող մեր հատվածը այնքան խոցելի է, որ բավարարում է միայն իր առաջին պահանջմունքները»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ Ի դեպ, Երևանի ավագանու ընտրության օրը ՀՀԿ շտաբում Զարուհի Փոստանջյանի ու դստեր նկատմամբ ոստիկանական բռնությունը շարունակում է մնալ անպատիժ։