Մանկատան սաները թրծում են Ջուղայի խաչքարերը (տեսանյութ)
Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները կամավորների օգնությամբ թրծում են «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնի այս տարվա հուշանվերները: Մանկատան սան Համլետը գիտի աշխատանքի բոլոր մանրուքները: Ջուղայի խաչքարերի պատկերներով հուշանվերները հենց նրա գլխավորությամբ են պատրաստում: Ջուղայում միջնադարյան վերջին խաչքարերը ոչնչացվեցին 2005-2006թթ-ին։ Փառատոնի կազմակերպիչները այս տարի որոշեցին իբրեւ սիմվոլ ընտրել այս խաչքարերը՝ մոմի եւ նռան փոխարեն՝ հերթական անգամ հիշեցնելու համար ադրբեջանական վանդալիզմի մասին։ «Դա պատմություն է , որ մեր ժողովուրդը պետք է իմանա, ցավոք սրտի այսօր ամեն երկրորդ երիտասարդը չգիտի, թե ինչ է Ջուղան, ինչ եղավ այնտեղ, սա մի փոքր հիշեցում է, որ ժողովուրդը չմոռանա իր պատմությունը»,- ասում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Շահեն Նազարենկոն: Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնն այս տարի կբացվի օգոստոսի 25ին եւ կտեւի 14 օր: 25 երկրից 42 նոր կինոժապավեն կցուցադրվեն քաղաքի տարբեր այգիներում ու պուրակներում: Կանցկացվեն նաեւ համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր: Փառատոնի այս տարվա հատուկ հյուրերը կլինեն Օդրի Էմերսենը ԱՄՆ-ից եւ Պասկալ Ժելինասը Կանադայից: Փառատոնն այս տարի կունենա նաեւ հատուկ ծրագիր՝ «Հետադարձ Հայացք» խորագրով: Կներկայացվեն հայ կինովավերագրող Արա Վահանու ֆիլմերը: Ավելին՝ տեսանյութով