Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը պատրաստ է համագործակցության, բայց «Երկիր Ծիրանի»-ից անադեկվատ արձագանք է լինում» (տեսանյութ)

Քաղաքականություն
yelk

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը, ամփոփելով իր երկամսյա աշխատանքների արդյունքները, այսօր ներկայացրել է ձեռքբերումներն ու բացթողումները: Խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե որքանով է Ելքը կարողացել իրականացնել իր ծրագրային դրույթները, նշեց, որ տվյալ քաղաքական ուժն իր բոլոր ծրագրերը կարող է իրականացնել, երբ գա իշխանության: Խմբակցությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք հանրային մեծ քննարկման առիթ են դարձել: Մասնավորապես, նա խոսեց կարմիր գծերի հետ կապված՝ բջջային հաղորդագրությունների թանկացմանը. «Նաեւ մեր ջանքերի շնորհիվ՝ թանկացումը եղավ ոչ թե 49 դրամով, այլ ընդամենը 2 դրամով»: Ըստ նրա՝ այս հարցում եղավ հանրային մեծ աջակցություն, թե քաղաքական մեծամասնությունը նույնիսկ ամենաչնչին հարցերում փորձում է դիմադրություն ցույց տալ՝ խոչընդոտելով հարցի արագ լուծմանը: Ավագանու Ելք խմբակցության մեղադրեցին այն բանի համար, որ առաջարկ եղավ հանրային վայրերում մուղամի ու անճաշակ կլկլոցի սահմանափակում անել. «Մեզ մեղադրեցին, թե դա բնորոշ է տոտալիտար համակարգերին: Այդ մարդիկ ուղղակի փաստաթղթեր չեն կարդում. այն, ինչ ես հրապարակել եմ, վերաբերում է Վերնիսաժում հնչող երաժշտությանը՝ մուղամին, կլկլոցին: Ի դեպ, Վերնիսաժը Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող օբյեկտ է ու այստեղ միջավայր ձեւավորելու խնդիր կա, որտեղ զբոսաշրջիկները առնչվում է մեր արվեստին, արհեստներին»: «Ելք» խմբակցության նախաձեռնությունն էր նաեւ հանրային տրանսպորտից հանել օտարերկրյա դրոշները, որը եւս մեծ աղմուկ բարձրացրեց: «Այ քեզ բան, այդ մարդիկ ճամփորդելիս որեւէ երկրում տեսե՞լ են, որ քաղաքային ինքնիշխան մայրաքաղաքի տրանսպորտում օտարերկրյա դրոշներ կախած լինեն»: Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր հերթին անդրադարձավ մայրաքաղաքի մի շարք փողոցների՝ իրենց կողմից առաջարկած անվանափոխության, անվանակոչության թեմային, որը նրանց նախընտրական ծրագրային դրույթներից է. «Հիմնականում խոսքը վերաբերում է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը՝ այն կոչելով Լեոնիդ Ազգալդյանի անունով: Սակայն, պարզվեց, Լենինգրադյան փողոցով խնդիրները ոչ սկսվում են, ոչ ավարտվում՝ էլի կան փողոցներ, որոնք անվանափոխության նույն խնդիրն ունեն: Մեզ մեղադրում են, թե մենք դեմ ենք գնում Խորհրդային անցյալին, մինչդեռ մենք կռիվ չենք տալիս անցյալի հետ, այլ ասում ենք՝ կարեւորենք պետական խորհրդանիշները: Մենք չենք քննարկում տվյալ պետական գործչի անցյալը, թե նա ինչ հանցանքներ է արել, ասենք՝ Տիգրան Մեծը կամ Չերչիլն իրենց ժամանակին ինչ հանցագործություններ են արել, այլ թե՝ տվյալ գործիչը պետականամետ ինչ քայլեր է կատարել: Օրինակ՝ Կասյանը կամ Նիկոյանը ի նպաստ հայ ժողովրդի որեւէ քայլ չեն արել, այլ ընդհակառակը՝ գործել են ի վնաս մեր պետականությանը»: «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Ղահրամանյանն իր հերթին նկատեց, որ Լենինգրադյան փողոցում այսօր ապրում են տարեցներ, որոնք, առանց փորձելով խորամուխ լինել խնդրի մեջ, հայտարարում են, որ չեն ցանկանում անվանափոխություն՝ իրենք ցանկանում են մնալ լենինգրադյան փողոցի բնակիչներ: Մեր այն հարցին, թե խնդիրների լուծման համար արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրան»-ին համագործակցեին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք բաց են համագործակցության համար, մինչդեռ «Երկիր Ծիրանի»-ի անդամներն են անադեկվատ պահվածք են ցուցաբերում: