Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը բերվեց դատարան (տեսանյութ)

Հասարակություն
Hovhannes-Petrosyan

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կրքերը բորբոքվեցին, երբ սկսեց խոսել Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ անձը՝ Հովհաննես Պետրոսյանը։ Վերջինս հասցրեց միայն հայտնել՝ ինքը ճանաչել է ամբաստանյալի աթոռին հայտնված Արթուր Մովսիսյանին և զարմացած է, թե ինչպես կարող էր նրա տանը զենք հայտնվել։ Հովհաննես Պետրոսյանը չհասցրեց պատասխանել դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ արդյո՞ք ինքը ճանաչել է Ժիրայր Սեֆիլյանին։ Մինչ պատասխանի արտաբերումը կոշտ արձագանքեց Արթուր Մովսիսյանը, ում հասկանալի չէր՝ իր գործով դատական նիստին ինչո՞ւ է այլ անձի մասին հարց հնչում։  «Ես չեմ մասնակցում էս դատավարությանը, էս թատրոնին»,- ասաց նա։ Դատավորը  դիտողություն արեց. «Դուք իրավունք չունեք լքել դահլիճը»,- Արթուր Մովսիսյանը շարունակեց իր պնդումը. «Ժիրայր Սեֆիլյանին բերեք այստեղ, Ժիրայր Սեֆիլյանին էլ հարցեր տվեք, թող Ժիրայր Սեֆիլյանն էլ պատասխանի»։ Արթուր Մովսիսյանը երեք ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից։ Վերջինս պաշտպան Արայիկ Պապիկյանին արգելեց հանդես գալ իր անունից։ Փաստաբանը հանդես եկավ խոսքով՝ ուղղված դատարանին. «Իմ պաշտպանյալը օրենքին չհակասող ցուցում է տվել, որը ես պարտավոր եմ կատարել»,- դատավորը ճշտող հարց տվեց. «Այսինքն՝ հրաժարվո՞ւմ եք նիւստին ներկա լինել»,- եղավ պատասխան. «Այո»։ Մինչ դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին կմիջնորդեր սանկցիա կիրառել Արայիկ Պապիկյանի նկատմամբ, վերջինս լքեց դատարանը։  Դատավոր Հովհաննես Ավագյանը պաշտպանի դեմ սանկցիա կիրառեց։ Դատական նիստերի դահլիճը լքելու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով դատավորը կդիմի ՓՊ Կարգապահական հանձնաժողով։ Մեղադրյալ Արթուր Մովսիսյանի ու նրա պաշտպանի բացակայության պայմաններում դադարեցվեց Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը։ Ինչու մեղադրող  դատախազը Հովհաննես Պետրոսյանին հարց տվեց  Ժիրայր Սեֆիլյանի մասին, ով չի առնչվում Արթուր Մովսիսյանի գործին։ Արայիկ Պապիկյանը գիտի պատասխանը. «Եվ դատարանը, և դատախազը, մոլորության մեջ են։ Նրանք պիտի այլ տեղ և այլ հանգամանքներում փնտրեն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվող անձին։ Ես ըմբռնումով եմ մոտենում իմ պաշտպանյալի վրդովմունքին, ով յուրաքանչյուր շաբաթ ստիպված է գալ լսել ինչ-որ անձանց ցուցմունքներ, ովքեր իրեն չեն ճանաչում։ Այդ ցուցմունքների կարիքն ունի միայն մեղադրողը, այն էլ՝ միայն Ժիրայր Սեֆիլյանի մասով։ Հետևաբար՝ Արթուր Մովսիսյանին ինչո՞ւ են պահում դատարանում»։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպված խումբը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ։ Չնայած մեղադրանքում նրանք նույն խմբի կազմում են ներկայացվում, այնուամենայնիվ, Արթուր Մովսիսյանի գործն առանձնացվել է Ժիրայր Սեֆիլյանի ու այլոց գործերից և քննվում է առանձին։  «Նպատակը մեկն է եղել, որ Արթուր Մովսիսյանը տեղի կտա իր ինչ-ինչ հանգամանքների ճնշման տակ, որպեսզի լավագույն հնարավոր սցենարը ստանան և դա կարողանան օգտագործել Սեֆիլյանի ու մյուսների մասով գործով կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեմ»,- ասաց Արայիկ Պապիկյանը։ Արթուր Մովսիսյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։