Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտության լեզուն չի թարգմանվում. դիլիջանյան ճամբար (տեսանյութ)

Մշակույթ
Dilijan-4

«Երիտասարդների համար լեզուն, որով իրար հասկանում են և շփվում՝ երաժշտության լեզուն է։ Ռուսերենով ու անգլերենով էլ կարելի է շփվել, բայց երաժշտական լեզուն թարգմանության կարիք չունի։ Նման համատեղ միջոցառում Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը վաղուց չի անցկացվել», -ասում է կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը կազմակերպել է  հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների երաժշտական ճամբար: Վարպետության դասերի շարքում  երիտասարդ երաժիշտների հետ հանդիպեց  նաև դաշնակահար Վահագն Հայրապետյանը:  «Աշխարհում նման տեղ չես գտնի, որ ամեն քոթեջում ու նույնիսկ ճաշարանում ռոյալ լինի, էլ չեմ խոսում բնության մասին։ Սա ժառանգություն է, որ պետք է պահել պահպանել»,- ասաց դաշնակահարը։ Արամ Սաթյանը վստահ է, որ եթե մարդ մեծ ցանկություն ունի, անպայման այն կիրագործի:  Իսկ նրա մեծ ցանկությունն է, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը վերածնվի, դառնա միջազգային փառատոնների ու երաժշտական հանդիպումների անցկացման վայր:   Երաժշտական ճամբարը կեզրափակի գալա համերգը կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անունը կրող դահլիճում, որի ժամանակ երիտասարդ երաժիշտները կկատարեն  իրենց տարեկից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ավելին՝ տեսանյութով