Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդավանին վստահվեց մշակութային սահմանի պահապանի դերը

Մշակույթ
tavush

Բերդավանի գեղագիտական կենտրոնի շենքը երկու անգամ հրետակոծվել է, վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին: Այսօր արդեն վերանորոգված ու փլատակներից բարձրացած կենտրոնում երեկ աննախադեպ իրարանցում էր: Տեղացի արվեստագետների գործերի ցուցահանդեսով ու համերգային ծրագրով մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը տրվեց հենց սահմանապահ Բերդավանից: Քաղաքական սահմանի պահապան գյուղին վստահվեց նաև մշակութային սահմանի պահապանի դերը: «ԱՐԱՐ» ծրագրի առաքելությունը մարզերում ժողարվեստների «վերակենդանացմամբ» հենց այդ սահմանն անառիկ դարձնելն է: Ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ, Բերդավանում մենք ունենք երկու մասնագետներ, որոնք համայնքի երեխաներին կհամախմբեն երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող 16 մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի: Սրանով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիր է նաև փորձում լուծել»: Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես կարևորեց այս վերջինը. «Գաղտնիք չէ, որ աշխատանքի բացակայության պատճառով մարզային լավագույն մասնագետների հայացքն ուղղվում է դեպի Երևան կամ ավելի հեռու: Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այս երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ: Այսօր ես լիահույս եմ և մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույց, այլ լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»: Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Այս մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային արյունը կենդանացնող, թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մեր նպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին և այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռ մի ժողովուրդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ, որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետև նրա հիմքում կանգնած են իրական նվիրյալներ»,-Բերդավանի գեղագիտական կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Այս ծրագրի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Առաջին հերթին այն երեխաներին կկտրի փողոցից, կտա այն, ինչ մեր պապերից ենք ժառանգել, բայց խորհրդային տարիների մեր սերունդն ավելի քիչ է օգտվել : Վստահեցնում եմ՝ հրաշալի երիտասարդներ ունենք գյուղում, հրաշալի մասնագետներ, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում: Նրանց պետք է միայն ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»,-ասաց Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Բերդավանում հպարտանում են ոչ միայն իրենց փայլուն, տաղանդավոր երիտասարդներով, այլև հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող միջնադարյան Գալինջաքար ամրոցով, որն այցելեցեցին նաև մշակույթի նախարարն ու մայրաքաղաքից ժամանած մյուս հյուրերը: Նախարարության աշխատակիցներին Արմեն Ամիրյանը հանձնարարեց ուշադրության առանցքում պահել հուշարձանի ուսումնասիրության, պահպանության խնդիրը: