Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսելոնն ուշքի չի գալիս. ակցիաներ՝ Ռամբլայում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
barcelona1

Իսպանիայի անվտանգության մարմինները նախապես զգուշացված են եղել Բարսելոնում ծրագրված ահաբեկչությունների մասին, բայց այն փաստացի չի կանխվել։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ իսպանացի գործընկերներին Ամերիկայի անվտանգության մարմիններն են տեղեկացրել։  «Չեն կազմակերպել անհրաժեշտ անվտանգությունն ու ապահովությունը։ Ոստիկանը պատրաստ չի այս կարգի բաների»,- «Ա1+»-ին Բարսելոնից պատմեց լրագրող Ռուզան Արշակյանը։ Ruzan1   Բարսելոնը երեկվա ահաբեկչությունից դժվարությամբ է ուշքի գալիս։ Ահաբեկչության վայրը՝ Ռամբլա պողոտան, շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից։ Արգելված է տրանսպորտային որևէ միջոցի մուտքն այնտեղ։ Բարսելոնցիներից շատերը նախընտրում են մնալ տանը։ Պատմում է Ռուզաննա Արշակյանը. «Իմ տղան գնաց աշխատանքի, գրեց, որ աշխատատեղում կեսից շատը չեն եկել աշխատանքի։ Ես զանգեցի աշխատատեղ և պարզվեց, որ կեսից շատը չի եկել աշխատանքի։ Վերագրենք վախի՞ն, թե՞ որ տրանսպորտը պարալիզացված է։ Քիչ տրանսպորտ է գնում-գալիս՝ թե ստորգետնյա, թե վերգետնյա։ Վախը կա, մարդիկ կարծես նոր են ուշքի գալիս, հասկանում, թե ինչ է կատարվել»։ Ահաբեկչության վայրում՝ Ռամբլայի ճեմուղում, արգելված է ավտոմեքենաների մուտքը, բայց ահաբեկիչներին հաջողվել է բեռնատարով բավականին առաջանալ. «Ոստիկանության բացթողումները շատ մեծ են, բոլորն են ասում դա։ Ամբողջ Ռամբլայի տարածքում գաղտնի ոստիկանություն շատ կա։ Ինչպե՞ս չեն նկատել, որ մի անօրինական մեքենա բարձրանում է վերև է ոչ մի տեղ չեն կանգնեցրել»,- պատմում է Ռուզան Արշակյանը։ Օգոստոսի 17-ին Իսպանական Բարսելոնում ահաբեկչության հետևանքով 14 մարդ է մահացել, հարյուրից վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ահաբեկիչները բեռնատար մեքենայով Ռամբլա ճեմուղում վրաերթի են ենթարկել զոհերին։ Պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցն է ստանձնել։ 100-ի չափ հասնող վիրավորներին բուժելու համար Բարսելոնում արյուն են հավաքում։  «5 հիվանդանոցներում, որտեղ որ տեղակայել են հիվանդներին, արյան մեծ կարիք կա, համարները թողել են, որ ովքեր կարող են գնան արյուն հանձնեն»,- ասում է լրագրողը։ Ահաբեկիչները որոշել էին միայն Բարսելոնով չբավարարվել։ Նույն ոճով ահաբեկչություն է եղել իսպանական մեկ այլ քաղաքում՝ Կամբրիլում։ Ահաբեկիչները հասցրել են 8 հոգու վիրավորել, բայց ոստիկանությունը չեզոքացրել է վտանգը՝ սպանելով 5 հոգու։ Իսլամական պետությունն այսպիսով վրեժխնդիր է եղել Իսպանիայի իշխանությունից՝ օրեր առաջ իրենց թաքստոցը բացահայտելու համար։  «Իսլամական պետությունը հաստատել է, որ սա արվել է ի պատասխան Ալկանայում պայթած տան։ Դա Տարագոնա կոչվող քաղաքի գյուղերից մեկն է։ Այդ տանը գտել են պայթուցիկ սարքեր ու հարմարանքներ»,- պատմում է Ռուզաննա Արշակյանը։ El Pais պարբերականի հաղորդմամբ՝ գործել է 12 հոգանոց ահաբեկչական խումբ։ նրանցից 5-ը ոչնչացվել են Կամբրիլում ահաբեկչություն իրագործելու փորձի ժամանակ, ներկա պահին երեքը ձերբակալված են, եւս 4-ն ազատության մեջ են։ Ռամբլան համարվում է Բարսելոնայի զբոսաշրջային հատվածի սիրտը։ Ռամբլայում ահաբեկչությունից հետո աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռք առնվել Բարսելոնայի զբոսաշրջային մյուս կենտրոններում, այդ թվում՝ Սագրադա Ֆամիլիա տաճարում։ Կատալոնիայի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արդեն քանի ժամ սգում են մահացածների հիշատակը։ Մարդիկ քայլում են Ռամբլայով՝ ծափահարելով ու բղավելով՝ «լիբերտադ» և ցույց տալով, որ իրենք ընկճված չեն ու իրենց վախեցնել չի հաջողվի։ rabla