Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող մեզ չխանգարեն, թողնեն աշխատենք». ձկնարտադրող (տեսանյութ)

Տնտեսություն
fish

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ օրերս Սոչիի օդանավակայանում այրված 281 կգ` շուրջ 20 արկղ, ձկան խնդրին, որը ՀՀ-ից տեղափոխվում էր ԵՏՄ երկրներ. «Սա կոռուպցիա է, մաքսանենգություն կամ տգիտություն։ Սա հարված է եւ մեր տնտեսվարողի, եւ սպառողի շահերին։ Մենք այսօր կերի ինքնարժեքի խնդիր ունենք, ու դրսում մրցակցությանը չենք դիմանում` բարձր ինքնարժեքի պատճառով, դրա համար էլ ձկնարտադրությունը չի զարգանում մեզանում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխիք պետք է լինի, քանի որ անջատումների պատճառով բազմաթիվ ձկնաբուծարաններ վնասներ կրեցին վերջերս։ Թառափի մասով Թուրքիայից բացի, նոր մրցակից ենք ունենալու։ Ջուրը, կերը, էլեկտրաէներգիան թանկ են մեզանում։ Պետք է հզոր տեխնոլոգիաներ բերենք ՀՀ ու մեր տեղական մասնագետների միջոցով զարգացնենք ոլորտը։ Կարող ենք դոնորներ գտնել, տնտեսվարողին խրախուսել, որ նա ներդրում անի»:  Ըստ նրա` այսօր ձկնաբուծության ոլորտը անհուսալի է ու անկայուն. «Կարգ չկա, ճգնաժամ է, լճացում, չկա միջին մակարդակ, տարերային բաներ են տեղի ունենում այս ոլորտում։ Մենք առաջարկություններ ենք անում, մեզ չեն լսում։ Ձկնաբույծներն ասում են` թող մեզ չխանգարեն, թողնեն մեզ աշխատենք, կայունացնենք ոլորտը։ Նրանք, շնչները պահած, սպասում են այս անկայունության պատճառով։ Արդյունքում արտադրությունը նվազեցրին 25-30 տոկոսով, քանի որ վախենում էին` վնասի դեպքում գոնե քիչ տուժեն։ Ոչ մի ներդրող չի ուզում աշխատել, ոչ մի բանկ չի ուզում վարկ տալ այս ոլորտին»։