Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը դարձյալ հրաժարվում են հանրային պաշտպանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zhirayr

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար նոր հանրային պաշտպան է ներգրավվել՝ Մարինե Թովմասյանը։ Դատարանի կողմից ներգրավված նախորդ պաշտպանը՝ Էմիլ Բեգլարյանը, հրաժարվել է ծառայություններ մատուցել, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես հրաժարվել է իր հետ առանձնատեսակցություն ունենալ։ Ուստի հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է նոր պաշտպան ներգրավել։ Մարինե Թովմասյանը  դատարանի որոշմամբ կպաշտպանի նաև Ներսես Պողոսյանի շահերը, չնայած՝ թե դատարան բերված Ժիրայր Սեֆիլյանը, թե Ներսես Պողոսյանը հրաժարվեցին նրա ծառայություններից եւս։ «Հանրային պաշտպանի ռեսուրսն ափսոս է, էլի եմ ասել, դա պահեք Սերժ Սարգսյանի և իր բանդայի համար»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ Ներսես Պողոսյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե որքան հանրային պաշտպան կա. «Շա՞տ ունեք հանրային պաշտպաններ, հիմա էլ պետք է հերթով բոլորին բերե՞ք։ Ես առաջարկում եմ միանգամից բոլոր պաշտպանների անունները հրապարակեք, բոլորից միանգամից հրաժարվեմ»։ Չնայած առարկություններին՝ դատավորը որոշեց Մարինեն Թովմասյանին ներգրավել որպես հանրային պաշտպան։ Վերջինս էլ հակադարձեց, որ ոչ Ժիրայր Սեֆիլյանի, ոչ էլ Ներսես Պողոսյանի կողմից համաձայնություն չունի, ծանոթ չէ նրանց դիրքորոշումներին, գործի նյութերին, ուստի չի կարող արդարադատություն իրականացնել։ Այս միջնորդությունից հետո, այնուամենայնիվ, դատավորը հաշվի չառավ նրա կարծիքն ու կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լրացուցիչ միջնորդություն ունեն։ Սա էլ առիթ եղավ, որպեսզի Մարինե Թավմասյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Դատավորն այս պահին խորհրդակցական սենյակում է՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 12։30։