Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողը մտադիր էր իր մահվան օրը ակցիա անցկացնել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shahen

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միանգամից 4  վարչական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ:  Հայցերը վերաբերում են   Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան, ինչպես նաեւ հաջորդող օրերին Ազատության հրապարակում  չիրազեկված հավաք եւ այնուհետեւ երթեր անցկացնելուն:  Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը հայցը համարում է անհիմն, քանի որ վարչական իրավախախտման դեպքը բացակայում է: «2017 թ մարտի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին կազմակերպված հավաքները չեն կարող համարվել իրազեկում պահանջող, քանի որ իրենց բնույթով ընդգրկում են շտապ հավաքի շրջանակը, իսկ դրա ընթացքում բարձրացված հիմնական պահանջներից մեկը,  այն է՝ Հաց բերողին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը, չէր կարող հասնել իրազեկում ներկայացնող 7- օրյա ժամկետում, քանի որ Հաց բերողը հուղարկավորվել է մարտի 22-ին»,- ասաց Տաթևիկ Սիրադեղյանը:  Նա միաժամանակ նշեց, որ  Շահենը որպես կազմակերպիչ որեւէ պատասխանատվություն չի կրել՝ Տարոն Մարգարյանին իրազեկում ներկայացնելու համար, քանի որ  անմիջապես արձագանքել է Հաց բերողի մահվան դեպքին. «Մոտ մեկ ժամ 30 րոպե անց նա կազմակերպել է հավաքը՝ այդ մասին հրապարակում տարածելով»։ Ակտիվիստ  Շահեն Հարությունյանն էլ ավելացրեց. «Ի սկզբանե պետք չէր 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել, քանի որ ես չէի իմանալու, որ  Արթուր Սարգսյանը մահանալու է մարտի 16-ին՝ ժամը 4 ,30-ին»։  Նա հիշեց, որ դեպքի օրերին գնացել է ոստիկանություն եւ հանդիպում ունեցել Երեւանի ոստիկանապետի եւ փոխոստիկանապետի հետ՝ ճշտելով ինքնաբուխ հավաքի իրավական հիմքերը:  « Պարոն Օսիպյանն էլ ասել է՝ այո,  դուք ունեք իրավունք եւ սա ամբողջովին ինքնաբուխի մեջ մտնում է: Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաքրքրում Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի խոսքը՝ քաղաքապետ -ոստիկանապետ հակասություն կա, բայց դա չի նշանակում, որ ես մեղավորություն եմ գործել, որ ինքնաբուխ հավաք ենք իրագործել, թող գնան իրենց հարցերը իրար հետ ճշտեն»,- ասաց Շահեն Հարությունյանը: Այսօր  նա հիշեց նաեւ, որ Հաց բերողի հետ պլանավորել էին մարտի 16-ին  ակցիա անցկացնել, քանի որ 1921 թ  այդ օրն էր կնքվել Մոսկվայի պայմանագիրը. «Որոշել էինք գնալ դեսպանատուն եւ որպես սգո նշան պահանջեինք  ապրիլի 1-ից մինչեւ 4-ը իր դրոշները իջեցնի»:  Շահեն Հարությունյանի խոսքով այսօր դատաքննություն ավարտվեց:  Դատավոր Կարեն Զարիկյանը գործով որոշումը կհրապարակի սեպտեմբերի 6-ին: