Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2019-ին փորձ կարվի վերականգման աշխատանքներ սկսել այրված տարածքներում (տեսանյութ)

Հասարակություն
hayantar

Վերջին օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների ծագման պատճառը մարդն է՝ իր ոչ կշռադատված, երբեմն սխալ վարվելակերպով։ Իսկ այդ հրդեհների  դժվար մարման պատճառը հրդեհվող տարածքներում արագ արձագանքման խմբերի բացակայությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը։ Բանախոսը նաև ընդգծեց, որ հրդեհի մարման աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում. «Մեր  աշխատակիցները անտառի մարման գործընթացում լավ մասնագիտացած են, բայց միայն անտառատնտեսության ուժերով հրդեհ մարել չի լինի, պետք է բոլոր կառույցները համագործակցեն միմյանց հետ» , - նշեց նա։   Ասուլիսի մյուս բանախոս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանն էլ խոստովանեց, որ Հայաստանը պատրաստ չէր նման հրդեհների։ «Որպես այդպիսին նման ինքնաթիռ Հայաստանին պետք չէ։ Մենք պետք է պատրաստվենք երկու ձևով՝ ԱԻՆ-ը պետք է ունենա խոշոր տեխնիկա՝ հրդեհը մարելու համար, անտառային տնտեսությունն էլ պետք է ունենա արագ արձագանքման տեխնիկա։ Ուզում ենք այդ համակարգը կառուցել», - նշեց նա։ Ըստ նրա՝ այժմ արագ արձագանքման խմբեր կան Կապանում, Սյունիքում և Հրազդանում։ «Այն ժամանակ, երբ Արտավանում հրդեհ էր բռնկվել, Հրազդանում էլ էր հրդեհ, արագ մարեցինք, բայց այդ տեխնիկան չենք կարող  այստեղից այնտեղ տանել, քանի որ հրդեհի վտանգն ամենուր է», - նշեց  Ռուբեն Պետրոսյանը։ Անդրադառնալով անտառների վերականգնման աշխատանքներին, բանախոսները նշեցին, որ Արտավանում կվերականգնվեն տերեւավոր ծառատեսակները, այդ թվում՝ կաղնին, մինչդեռ գիհիների վերականգնումը դժվար է։ Նրանք նաև տեղեկացրին, որ և Խոսրովում, և՛ Արտավանում այրվել են հենց գիհիները: «Գիհին դժվար է անգամ տնկարանում աճեցնել: «Մենք Հրազդանում ունենք փակ արմատային համակարգով տնկանյութ աճեցնելու տնկարան: Սա ավելի բարձր կպչողականություն է ապահովում, համեմատած սովորական եղանակի: Այս եղանակով նաև գիհիներ կարող ենք աճեցնել, իսկ 2019 կփորձենք վերականգման աշխատանքներ սկսել այրված տարածքներում»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը: Բանախոսները տեղեկացրեցին, որ 2018թ. բյուջեով անտառների վերականգման համար նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ Վերջին տարիներին առաջին անգամ է բյուջեից նման խոշոր հատկացում կատարվում անտառների վերականագնման համար, ու փաստորեն այդ խոշոր հատկացումը համընկավ խոշոր հրդեհների հետ։