Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց ձեռք չի տալիս, որ Նաիրիտը հենց այնպես աշխատի». ակցիա (տեսանյութ)

Տնտեսություն
Nairit-akcia-nkar

«Նաիրիտ» քիմիական գործարանը վերագործարկել ցանկացող «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը երկու օր առաջ տարեկան ֆինանսական շրջանառությունը հավաստող փաստաթղթեր է ներկայացրել կառավարություն։  «Իրենք ուզում են ցույց տալ, որ ունեն գումար Նաիրիտ գործարանում ներդնելու և վերագործարկելու»,- «Ա1+»-ին փոխանցում է գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կառավարությունը քիմիական երբեմնի հսկային կվստահի եվրոպական կազմակերպությանը։ Մյուս կողմից էլ «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն է ցանկանում մինչ գործարանում ներդրումներ անելը աուդիտ անցկացնել։ Կառավարությունը բանավոր թույլատրել է, բայց գրավոր համաձայնություն չի տալիս։ Գործադիրի շենքի մոտ ակցիա անցկացնող նաիրիտցիներին մոտեցած Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի պնդմամբ՝ Նաիրիտի հարցում պետք է զգուշավոր լինել.  «Որպեսզի մենք հերթական անգամ  չհուսախաբվենք, լուրջ քայլեր պիտի անենք՝ իմանալու այս մարդկանց լրջությունը»։ Նաիրիտիցներից ոմանք համոզված պնդում են՝ կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացողներին նպատակադրված է խոչընդոտում։ Նախկին աշխատակից Թամարա Միրազիզյանն ասում է. «Նրանք օրենքով իրենց հարկերն էլ կմուծեն, իրենց խոստումն էլ կանեն, բայց քանի որ վերևներում փայ մտնելու մոմենտը դուրս է գալիս, դրա համար իրենց ձեռք չի տալիս, որ Նաիրիտը հենց այնպես աշխատի»։ Ներդրողներին վանելու մեկ պատճառ էլ կա՝ աուդիտի արդյունքում կարող է պարզ դառնալ՝ ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել ավելի վաղ վերցված վարկային միջոցները։ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրայր Ավետիսյանն ասում է. «Մտածում են՝ արա բա որ հանկարծ գործարանն աշխատացնենք, վաղը մյուս օրը հարց ա ծագելու, բա էդ 300 միլիոն դոլար գումարը ո՞ւր գնաց կորավ, որ 3 դոլար էլ չի մտել գործարան։ Մեժգոս բանկից էդքան գումար պարբերաբար ստացել են գործարանի անունով, մենք լավագույն դեպքում 15-20 միլիոնի տեր ենք եղել»։ Նաիրիտցիները մեկ այլ տարբերակ են առաջ քաշում։ «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին աուդիտի գրավոր թույլտվություն չի տրվում նաև այն պատճառով, որ սնանկացման կառավարիչը հասցնի կատարել պայմանագրային պարտավորությունները։ Մասնավորապես՝ վաճառել 22000 տոննա մետաղյա ջարդոն՝ գումարը փոխանցելով կառավարություն։ Նաիրիտցիների վստահեցմամբ՝ կա վտանգ՝ գործարանի սնանկացման կառավարիչը կարող է անպետք սարքավորումներից բացի վերագործարկման համար պետքական գործիքներ վաճառել։ Կառավարությունից «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին այդպես էլ ոչ ոք չմոտեցավ։ Իսկ «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հայաստանյան ներկայացուցիչները ներդրումների հնարավորությունը քննարկելու համար կհանդիպեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։