Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիատոմսերի թանկացման պիկային ժամանակաշրջանում ենք (տեսանյութ)

Տնտեսություն
qaxaviacia

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադառնալով ավիատոմսերի թանկացմանը՝ նշեց, որ դա բնորոշ է բոլոր երկրիներին. «Զբոսաշրջային հոսքերը ունենում են պիկային ժամանակաշրջան, եւ մենք հիմա գտնվում ենք հենց այդ ժամանակաշրջանում: Հուլիսից սկսած եւ Ամանորին ընդառաջ տոմսերի գները բարձրանում են: Այս տարվա սպեցիֆիկ բաղադրիչը, որի մասին կուզենայի մի փոքր փակագծերը բացել, այն է՝ աշխատանքները, որոնք տարվում են բաց երկնքի քաղաքականության իմաստով, բերեց նրան, որ ՀՀ-ն միջազգային ավիացիոն քարտեզի վրա ավելի ցայտուն տեղ ունեցավ եւ ավելի ակտիվացրեց իր դիրքերը: Այդ առումով պահանջարկը դեպի մեր երկիր գալու ավելացավ: Ավիաընկերությունները պլանավորելիս ամառային իրենց չվերթները, անում են ավելի վաղ՝ 8-10 ամիս շուտ իրենք պլանավորում են իրենց չվերթները օդանավերի տիպերի, քանակների, չվերթների, տարողունակության իմաստով: Պլանավորածից ավելի շատ պահանջարկ ունենալու դեպքում, ինչը տեղի ունեցավ այս տարի, ընկերությունները, փաստորեն, սխալվեցին»: Ըստ Սերգեյ Ավետիսյանի՝ տեսնելով իրավիճակը՝ իրենք օպերատիվ կապի մեջ ենք մտել ավիաընկերությունների հետ, եւ նրանք հիմա փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով չվերթների քանակ, փոփոխելով օդանավերի տիպերը. «Մի շարք ավիաընկերություններ, ինչպիսիք են՝ «Քաթար էյրվեյզը», ուկրաինական «Մաո»-ն, «Էյ սեւն»-ը, «Աերոֆլոտ»-ը եւ այլն, փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով նստատեղերի քանակը, եւ հիմա Զվարթնոց օդանավակայանում չվերթներ են իրականացնում այնպիսի օդանավեր, որոնք սովորաբար չվերթներ են իրականացնում ավելի երկար ուղիների համար. նրանք ավելի ծախսատար են, սակայն կարողանում են ավելի մեծ թվով մարդ տեղափոխել»:  Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա նրա խոսքով, իրենք գների վրա ուղղակի ներազդում չենք կարող անել. «Մենք անում ենք անուղղակի ազդեցություն, որը տեղի է ունենում մրցակցության ավելացմամբ, իրավական դաշտի կարգավորմամբ, անընդհատ աշխատանքի, մոնիթորինգի, արագ արձագանքելու մասով: Մենք այս պահին դա անում ենք»: