Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադրամը սպասում է ՆԱՍԱ-ի քարտեզներին (տեսանյութ)

Հասարակություն
himnadram

10 հազար հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքից, որը հարակից է Խոսրովի անտառ արգելոցին, օգոստոսի 12-ին բռնկված հրդեհից այրվել է 300 հա-ն: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս տվյալները ստացել է՝ հիմնվելով GPS կոորդինատների ու իրենց աշխատակիցների տվյալների վրա: «Փորձել ենք հնարավորինս մարել այն հրդեհը, որը մոտենում է մեր տարածքներին: Նույնիսկ հակադարձ հրդեհի միջոցով փորձել ենք կանխել այն հրդեհը, որը կարող էր գալ մեր տարածքներ: Եղել ենք նաեւ Խոսրովի անտառում՝ որքանով թույլ են տվել ռեսուրսները, փորձել են օգնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց FPWC-ի բնապահպանական ծրագրերի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Մկրտչյանը: Հիմնադրամն այս պահին սպասում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի քարտեզներին, որոնցից պարզ կդառնա՝ կունենանք արգելոցում սողանքային գոտիներ, թե ոչ. «Եթե դրանք թեք լանջեր են, եթե դրանք կիրճային հատվածներ են, եթե անտառային կամ բուսական ծածկույթը վերացել է, կարող ենք ունենալ նաեւ սողանքի վտանգ»: Հիմնադրամը արգելոցի Ուրցաձորի հատվածում ուներ թակարդ-տեսախցիկներ, սակայն դրանք շատ բարձր են տեղադրված եղել, եւ չեն կարողացել ֆիքսել հրդեհի առաջացման պահը: Արեւիկ Մկրտչյանի խոսքով՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհը պետք է դաս լինի՝ հետագայում կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար. «Վերականգումը կարող է տեւել տարիներ, սակայն մի շարք երկրներում, մասնավորապես ԱՄՆ փորձն է, իրենք հրդեհները ընդհանրապես չեն էլ կանխում, քանի որ իրենք համարում են, որ այդ ամենը պետք է վերանա եւ բնական ճանապարհով վերականգնվի: Մեզ մոտ ինչ-որ ժամանակ, ընդ որում՝ խոսքը չի գնում մի քանի տարվա մասին, այլ դա տասնյակ հարյուրավոր տարիներ են, եթե մենք ուզում ենք գիհու անտառները վերականգնել»: