Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի անդամի մոտ Բեխտերևի հիվանդության վտանգ կա (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը մտահոգում է նրա պաշտպանին: «Ըստ բժշկական եզրակացության, որ դեռեւս մայիսի 12-ին եմ ստացել Եվրոպայի թիմից, առողջական վիճակն այնքան վատ է, որ կարող է անկիլոզ առաջանալ, դա նույն Բեխտերևի հիվանդությունն է, այսինքն՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշանները կան:  Եթե բուժում, վիրահատություն չիրականացվի, նա ամբողջ կյանքում ստիպված է լինելու անտիբիոտիկներ օգտագործել եւ մնալ հաշմանդամ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Չնայած  դատավարությունը դեռ ընթացքի մեջ է՝  Հովհաննես Հարությունյանի գործը արդեն Ստրասբուրգում   է։  ՄԻԵԴ-ը երկու  հարց է  ուղղել  Հայաստանի կառավարությանը՝ նրա առողջական վիճակի  վերաբերյալ։ 2016թ հուլիսի 26-ին  ՊՊԾ գնդում վիրավորված  Հովհաննես Հարությունյանի ոտքում բեկորի 18 մասնիկ կա։ «Ինչպիսի բուժում է ստանում՝ ոտքի վիճակի հետ  կապված, եթե իհարկե այդպիսի բուժում իրականացվում է եւ երկրորդ պահանջվել է բժշկական խմբի կազմը, ինչպես նաեւ պահանջվել է 2017 ապրիլի 12-ին կազմված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, ինչի հիման վրա նա պետք է բուժում ստանար»,- ավելացնում է պաշտպանը: Առողջական խնդիրներով պայմանավորված՝  Սասնա ծռերի գործով դատական նիստին դատավորը  Հովհաննես Հարությունյանին  թույլատրել էր նստած մնալ:   Բայց քանի  որ  գործով անցնող մյուս 15-ը հեռացված են դահլիճից ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրեւորելու՝ ոտքի չկանգնելու համար, Հովհաննեսը  օգոստոսի 3-ին հրաժարվեց մասնակցել դատավարությանը։ Երբ  նա ցանկանում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել  դատավոր Արտուշ Գաբրիելյանին, վերջինս արգելեց եւ ուղեկցող ոստիկաններին կարգադրեց նրան եւս հեռացնել դահլիճից։ Ոստիկանները Հովհաննեսին հրելով հեռացրին դահլիճից։  Միջադեպի մասին պաշտպանը տեղեկացրել է  ՄԻԵԴ-ին. «Գլխավոր դատախազության  երկու ներկայացուցիչներ էին այնտեղ նստած, ինչպես նաեւ դատարանը չարձագանքեց ոստիկանության գործողություններին, նման պայմաններում ես ոչ արդյունավետ եմ համարում այդ քայլը: Քանի որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածով է քննվում Հովհաննես Հարությունյանի գործը,  եւ դատարանը պարբերաբար ինձանից տեղեկատվությունն է պահանջում քայլերի վերաբերյալ, այդ իսկ պատճառով դա որպես հաղորդում հանցագործության մասին ուղարկեցի հենց ՄԻԵԴ»: Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է  զենքի գործադրմամբ շենք-շինություններ զավթելու,  պատանդ վերցնելու մեջ: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքները: