Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունն» ընդդիմադիրների միավորման գործընթաց չի սկսել. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
Armen-Martirosyan-nkar

«Ժառանգություն» կուսակցությունը հերքում է լուրերը, թե  իրենք 2018 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու նպատակով ընդդիմադիր ուժերի միավորման գործընթաց են սկսել։ «Մենք միավորման գործընթաց չենք սկսել, և չենք էլ պատրաստվում սկսել, որովհետև ցավոք քաղաքական դաշտում անառողջ մթնոլորտ կա` մի մասը իշխանության կողմից ուղղորդված լինելու պատճառով, մի մասը՝ անհատական խնդիրներ ունեն Ժառանգության և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ընդդիմադիր ուժի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը, սակայն, պատրաստ է ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցության, եթե առաջարկ լինի։ Հնարավոր դաշնակիցների թվում է ՀԱԿ-ը, որը  պաշտոնապես դեռ չի արտահայտվել Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի շուրջ։ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանում է. «Ինչ ձևաչափով, ինչ աստիճանի չեմ կարող ասել, բայց այդ համագործակցությունը կլինի, որովհետև պատմությունը դա ցույց է տվել, երբ որ ներժողովրդավարական պրոցես է եղել, մենք համագործակցել ենք»։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժում համոզված են մեկ բանում՝ անգամ նախագահության ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կփորձի իր ձեռքում պահել իշխանության ղեկը. «Ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ուժային կառույցներն իր ենթակայության տակ մնան և ինքը կարողանա վերահսկել։ Դե պատկերացրեք, որ ոտիկանությունը հանկարծ չպատկանի Սերժ Սարգսյանին, կլանի մեջ մեկ ուրիշը կարող է իշխանությունն իրեն վերցնել»։ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ ՀՀԿ-ն չափազանց վտանգավոր թեզ է առաջ քաշել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և նրանից հետո Հայաստանը կկործանվի։ «Իրենք բառացի ասում են Սերժ Սարգսյանը  շատ վատ ղեկավար է, որովհետև մենակ ինքը գիտի։ Իրականության մեջ Սերժ Սարգսյանի հեռանալու պարագայում այնպես չէ, որ Հայաստանը քանդվելու է։ Չեմ կարծում, թե Հայաստանում ղեկավարի խնդիր ունենք, որովհետև այն ինչ ինքը ղեկավարել է խայտառակություն է»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Ի՞նչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի շուրջ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը հստակ չգիտի, բայց մոտավորապես կարող է ասել. «Քարոզարշավի ժամանակ ինչ-որ ինքն ասել է, եթե ես դա մեկնաբանեմ՝ իր համար ընդունելի չէ, որովհետև ինքը խոսում է էլիտաների փոփոխության մասին»։ Խորհրդարանական ընտրությունից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը փաստացի գոյություն չունի։ Պարզ է մեկ բան՝ անկախ նրանից, կլինի  մեկ կուսակցություն, թե որպես առանձին քաղաքական միավորներ, Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը առաջիկայում ևս կհամագործակցեն։ Մանրամասն՝ տեսանյութում