Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուլագարակցիները թույլ չեն տվել փոխել էլեկտրաէներգիա մատակարարող փոխակերպիչը

Հասարակություն
Gyulagarak-nkar

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչները ահազանգում են, իրենց պնդմամբ, անօրինականության մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներն այսօր փորձել են փոխել համայնքի «Գերմանական» կոչվող թաղամասին էլեկտրաէներգիա մատակարարող փոխակերպիչը (տրանսֆորմատորը): «Որոշել են տրանսֆորմատորը վաճառել, որը մեր սեփականությունն է, սա գնվել է մեր թաղամասի բնակիչների ուժերով։ Հիմա ՀԷՑ-ի մեր տեղամասի պետը ուղարկել է մեծ մեքենա, փոքր հզորության տրանսֆորմատորով։ Նույնիսկ գործողը մեր թաղամասին չի հերիքում, Նոր տարվա օրերին քցում է միշտ, ուզում էին փոխել, ժողովուրդը դեմ կանգնեց, աշխատողները տեսան որ ուզում եմ զանգահարել լրատվական ծառայություն, թողեցին փախան։ Չատինյան Ենոք, Էլոկտրաստանցիայի պետն ա Ստեփանավանի, իր ղեկավարությամբ է ամեն ինչ արվում։ Ինքը չներկայացավ»,- փոխանցեց Գյուլագարակի բնակիչ Ռուզաննա Թորոսյանը։ Նրա խոսքով՝ եթե հին կայանը փոխարինվի նորով, թաղամասը կզրկվի էլեկտրաէներգիայից։ «Փոքր հոսանքով աշխատող սարքը մեր թաղամասին, որը չունի գազ, փայտ, և հոսանքով է օգտվում, չի կարողանա բավարարել՝ ոչ կարող ես հաց թխել, ոչ կարող ես լվացք անել։ Դա նույն բանը կլինի, որ 10 տարեկան երեխան անի 40 տարեկան կնոջ գործ։ Տրանսֆորմատորի հզորությունը 400 է, իրենք բերել են 160-ը՝ եռակի անգամ պակաս»։ Արդյո՞ք տրանսֆորմատորի փոփոխությունը եղել է ՀԷՑ-ի որոշմամբ, թե՞ Ստեփանավանի տեղամասի պետը ինքնուրույն է նման որոշում կայացրել, և արդյո՞ք գյուլագարակցիները չեն կանգնի հոսանքի կորստի առաջ, «Ա1+»-ը պարզաբանման խնդրանքով դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն։ Պատասխանի դեպքում կհրապարակենք։