Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է դադարեն խաղալ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հնարավոր հակասությունների վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
serzh-karen

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հաջորդ պաշտոնը կլինի կառավարության ղեկավարի աթոռը։ Նրա նախագահության ավարտից 8 ամիս առաջ  Հայաստանի քաղաքական դաշտում սա դարձել է թիվ 1 հարցը։ «Անորոշությունն ստեղծվել է այն պարզ պատճառով, որ նա չի հայտարարել, թե ինչ է անելու 2018-ի ապրիլից հետո, երբ դադարեն նախագահի լիազորությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Վարչապետի պաշտոնն զբաղեցնելու հարցը դեռ 2014 թվականին մեկնաբանել է անձամբ Սերժ Սարգսյանը։ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը  նա  հայտարարել է՝ նոր Սահմանադրության ընդունման պարագայում ինքը վարչապետ չի դառնա։ «Ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում պետք է չհավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր նա։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց 2016-ի սեպտեմբերի 13-ին։ Այդ նշանակումը, Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ էր համաձայնեցրել։ Եթե 2018-ի ապրիլին հայտարարվի, որ Կարեն Կարապետյանը հեռանալու է, կստացվի, որ Սերժ Սարգսյանը խախտել է Մոսկվայի հետ համաձայնությունը։  Թերեւս այդ է պատճառը, որ Սերժ Սարգսյանն առայժմ գովում է  Կարեն Կարապետյանին՝ ասելով հետևյալը. «Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր ամբողջ թիմի լիակատար վստահությունը»։ Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կարող է  դառնալ 2019-ից հետո միայն՝ նախապատրաստելով իր վերադարձը. «Պրոցեսին պետք է տրվի մաքսիմալ բնական տեսք, երբ Կարեն Կարապետյանը չի կարողանա ներգրավել օտարերկրյա ներդրումներ, երբ Կարեն Կարապետյանի վարկանիշը կիջնի, երբ ՀՀ-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները անմխիթար կլինեն, և ՀՀԿ-ի սատելիտները կհայտարարեն, որ երկիրն այս վիճակից Սերժ Սարգսյանը կարող է դուրս բերել»։ Քաղաքագետի Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը չի կրկնի Ռոբերտ Քոչարյանի քայլը, ամբողջապես հեռանալով կառավարման համակարգից և կորցնելով վերահսկողությունը իշխանության նկատմամբ։  «Սերժ Սարգսյանն առավել քան որևէ մեկը հրաշալի գիտի, որ պետական, իշխանական համակարգից դուրս օբյեկտիվորեն ազդեցությունը թուլանում է, ինչպես որ թուլացավ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի Մելիք-Ադամյան փողոցից ղեկավարել քաղաքական կյանքը, նա հասկանում է, որ թուլանալու է իր ազդեցությունը»։ «Ելք» դաշինքը, թեև ճանաչել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ՀՀԿ-ի հաղթանակը, այնուամենայնիվ հայտարարել է՝ անելու են ամեն ինչ 2018-ին թույլ չտալու Սերժ Սարգսյանին հայտնվել վարչապետի պաշտոնում։ «Ժառանգություն» կուսակցությունն էլ ընդդիմադիր ուժերի միավորման գործընթաց է սկսել՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը կանխելու համար։ Բայց խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ցածր արդյունքները Ստյոպա Սաֆարյանին հույսեր չեն ներշնչում։  «Ակնկալել որևէ հանրային լուրջ կոնսոլիդացիա՝ խոչընդոտելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելուն, այդպիսի ներուժ չեմ տեսնում, միայն ֆորսմաժորային իրադարձությունը կարող է խթանիչի դեր հանդիսանալ»։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝  կա մի տարբերակ.  ընդդիմադիր ուժերը պետք է  դադարեն խաղալ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հնարավոր հակասությունների վրա՝ պաշտպանելով որևէ մեկին, այլ  պետք է աշխատեն հասարակության հետ՝ վերականգնելով երբեմնի  դերակատարումը։ Դիտեք նաև տեսանյութը