Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 2 հայ բռնցքամարտիկ

Սպորտ
C_9

Օգոստոսի 5-ից 17-ը բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն։ «Համբուրգում երկու մասնակից կունենանք` Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրանք այդ իրավունքը նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում: Հավաքներին ընդլայնված կազմով ենք մասնակցում, ներգրավված են մոտ 25 բռնցքամարտիկներ, այդ թվում երկու աղջիկներ` Անուշ Գրիգորյանն ու Անժելիկա Ստեփանյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 52 կգ քաշային կարգում, Անժելիկան` պատանիների տարիքային խմբում: Գոհ եմ բռնցքամարտիկների մարզումներից: Նրանց հաջողվել է լավ մարզավիճակ ձեռք բերել: Հովհաննես Բաչկովը բարդ մրցաշար է անցկացրել Խարկովում, կարծում եմ՝ Համբուրգից առաջ կարողացել է լիարժեքորեն վերականգնվել: Շատ կցանկանամ Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա: Պայմաններն Օլիմպավանում ուղղակի հրաշալի են: Աշխատում ենք տեխնիկատակտիկական գործողությունների վրա: Կարելի է ասել` ռինգից չենք հեռանում: Համբուրգ կմեկնենք օգոստոսի 21-ին: Կաշխատենք արժանի կերպով ներկայացնել մեր երկիրը միջազգային ասպարեզում»,-ՀԱՕԿ լրատվականին ասաց մարզիչը: