Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Սպենդիարյանը հուղարկավորվել Օպերայի բակում (տեսանյութ)

Մշակույթ
Ara-3

Անկախության սերնդից քչերը գիտեն, որ Օպերայի տարածքում է գտնվում կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի աճյունը։   «Ա1+»-ի հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ասում է, որ թանգարանն իր ուժերի չափով ամեն ինչ անում է, որ  հասարակությունն իմանա այդ մասին. «Շիրիմի մոտ իրականացնում ենք համերգներ, վարդատունկ, միջոցառումներ և այդ կերպ փորձում ենք մարդկանց տեղեկացնել»: Ara Ովքե՞ր որոշեցին, որ  կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը պետք է թաղվի Օպերայի տարածքում: Երբ 1928 թվականի մայիսի 7-ին մահացավ Ալեքսանդր Սպենդիարյանը, Ժողկոմխորhի հրամանով կազմվեց կառավարական հանձնաժողով՝ բաղկացած 18 անդամներից։ Հենց նրանց որոշմամբ էլ կոմպոզիտորը հուղարկավորվեց Օպերայի բակում, որն այդ ժամանակ դեռ չէր կառուցվել: «Այդ կառավարական հանձնաժողովի մեջ այնպիսի մտավորականներ էին, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը  և այլոք, ու հավանաբար կոմպոզիտորի համար գերեզման ընտրվել  է հենց այդ տարածքը, քանի որ այդ մասում եղել է մատուռ, և բացի այդ էլ,  հուշագիրները պատմում էն, որ Թամանյանն ինքն էր տեղ ման գալիս իր ընկերոջ համար,- պատմում է Մարինե Օթարյանը։- Պետք է փաստել նաև, որ 1928 թվականին չկար Երևանի Պանթեոնը, որը կառուցվեց միայն 30-ական թվականներին։ Այդ թվականներին Օպերայի միջավայրը հարիր էր մեծ կոմպոզիտորի համար, ինչը չենք կարող ասել հիմա»: Հասարակությունն ու մտավորականությունը այս հարցի շուրջ ունի երկու կարծիք․ մի մասը գտնում է, որ եթե ժամանակին մեծերը որոշել են, որ կոմպոզիտորը թաղվի այդտեղ, ուրեմն պիտի լինի այդպես, իսկ մյուս հատվածը ցանկանում է, որ աճյունը տեղափոխվի պանթեոն: Ara 2 «Ես կարծում եմ, որ 1928-70-ական թվականներին Օպերայի տարածքը հարիր էր կոմպոզիտորի շիրիմի համար, իսկ այժմյան միջավայրը հարիր չէ: Դա այն տարածքն է, որ պետք է միայն դասական շնչով շնչի»: