Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարքային խնդիրներ ունեցող երեխաները պոտենցիալ հանցագործներ են»․ հոգեբան

Հասարակություն
kids

Վերջին շրջանում Հայաստանում առաջընթաց է նկատվում հոգեբանին դիմելու մշակույթի մեջ, հատկապես ծնողները դիմում են երեխաների համար, ինչն էլ պայմանավորված է մանկապարտեզներում, դպրոցներում հոգեբանների ակտիվ գործունեության հետ: Ծնողները, տեսնելով հոգեբանների կողմից տարվող աշխատանքը, հասկանում են, որ երեխաների հետ կապված մի շարք հոգեբանական խնդիրներ նրանք կարող են լուծել: Երեխաների հոգեբանական խնդիրների մասին «Ա1+»-ը զրուցել է «Գոյ» կենտրոնի տնօրեն, հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ: « Մեզ մոտ հիմնականում բերում են նախադպրոցական տարիքի երեխաներին՝ 5-6 տարեկան, և հիմնական առաջնային ախտորոշումը ծնողի կողմից ներկայացվում է որպես խոսքի հետ կապված խնդիր: Ծնողները գիտակցում են, որ իրենց երեխաների հիմնական դժվարությունը հաղորդակցման և արտահայտման խնդիրն է: Սակայն ուսումնասիրությունն ու երեխայի հետ աշխատանքը մեզ բախում է մի շարք այլ հոգեբանական բարդույթների և դարաշրջանի կարևոր խնդրի՝ աուտիզմի հետ : Մի շարք երեխաների մոտ նկատվում է աուտիստիկ սիմպտոմատիկա, սակայն մաքուր աուտիզմ Հայաստանում համեմատաբար քիչ է հանդիպում»: Հոգեբանը նշում է, որ խոսքի հետ հանդիպած դժվարությունների ու բարդույթների հետ մեկտեղ նաև շատ են այն երեխաները, որոնք գերակտիվ են, չենթարկվող, հուզական և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունեն : hogeban «Երեխայի համար առաջին սոցիալական օղակը ընտանիքն է: Եթե ծնողները անհետևողական են լինում, ապա առաջանում են մի շարք խնդիրներ: Հուզականության և բարդույթների առաջացման պատճառ կարող են լինել մոր և երեխայի կապի բացակայությունը, ոչ բավարար ուշադրությունը, երեխային ամեն ինչ թույլատրելու դաստիարակությունը: Հոգեբանական բարդույթները կարող է պայմանավորված լինել նաև սոցիալական խնդրի հետ, քանի որ մեր երկրում ծնողները, հիմնականում՝ մայրը, աշխատում է, և նվազում է մոր և մանկան կապը: Շատ են դիմում նաև երեխայի վարքային խնդիրների հարցով, և չեմ բացառում, որ վարքային խնդիրներ ունեցող երեխաները կարող են դառնալ պոտենցիալ հանցագործներ, եթե ժամանակին այդ հարցին չտրվի համապատասխան լուծում»: