Հայհոյանքներից մինչև սիրո խոստովանություն՝ Թումանյանի ու Սպենդիարյանի արձաններին

1993 թվականին ԱՄՆ Սիեթլ քաղաքի Մարկետ թատրոնի աղյուսե պատին հայտնվեցին առաջին մաստակները. թատրոնի այցելուները, որոնք հիմնականում  երիտասարդներ էին, տոմս գնելու իրենց հերթին սպասելիս, ձանձրույթից սկսեցին մաստակներով մետաղադրամներ կպցնել թատրոնի պատին: Կառույցի վարչակազմը սկսեց պայքարել այս երևույթի դեմ և մի քանի անգամ մաքրեց պատը, սակայն արդյունքում՝ 1999 թվականին հանձնվեց։ Այդ օրվանից պատը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը և ստացավ «Մաստակի պատ» անվանումը:

2017 թվական, Երևան: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն են, որոնց պատվանդաններին` զանազան գրություններ, նկարներ, գրաֆիտիներ, խզբզոցներ, հայհոյանքներ, սիրային խոստովանություններ:

Այդ հուշարձանները գտնվում են քաղաքի սրտում, որոնց շուրջբոլորը սրճարաններ են ու ժամանցի վայրեր, իսկ այս տարածքն ամբողջությամբ տեսանկարահանվում է։ Մինչ օրս այս գրությունների հեղինակներից որևէ մեկը չի հայտնաբերվել։

Հարցի շուրջ խոսեցինք ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի պահպանման գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ։

«Տարիներ առաջ  ես առաջարկով  հանդես եկա, որ Երևան քաղաքի մի շարք վայրերում տեսախցիկներ դրվեն, որով կարելի կլինի ավելի հեշտ գտնել խուլիգանություն իրականացնողներին և պատժել: Առաջարկը որոշ չափով ընդունվեց։ Այդ հուշարձանները գտնվում են Մշակույթի նախարարության   վերահսկողության տակ, սակայն ոստիկանությունը նույնպես պիտի իրականացնի հսկողություն։ Քանի որ Օպերայի տարածքը տեսանկարահանվում է, և այնտեղ կա ոստիկանության շուրջօրյա ծառայություն, ուստի հեշտ կլինի գտնել մեղավորներին»։

Կ. Այվազյանը բերեց 2013  թվականի օրինակը, երբ Գառնու տաճարի վրա ռուս զբոսաշրջիկը գրություններ էր թողել, և տեղադրված տեսախցիկների օգնությամբ համապատասխան մարմինները կարողացել էին գտնել հանցագործին։ Վնասի վերացման ամբողջ ծախսը հոգացել էր  զբոսաշրջիկը։

«Ինձ հայտնի չէ որևէ դեպք՝ կապված Օպերայի հետ, որ հայտնաբերվի ու պատժվի խուլիգանության կատարած  ինչ-որ մեկը: Միայն հիշում եմ, որ 2 տարի առաջ տարածքում նկարներն ու խզբզոցներն այնքան էին ավելացել, որ ակադեմիական թատրոնի ստորին պատերն անճանաչելի էին դարձել, և մեր դիմում-հորդորներից հետո այդ ամենը մաքրվեց, սակայն հիմա նորից նույն պատմությունն է շարունակվում։ Այդ ամենը նախ կապված է դաստիրակության հետ, հետո շատերը չեն ճանաչում, թե ով է Թումանյանը կամ Սպենդիարյանը։ Ես   շատ կուզենամ, որ Երևանում ստեղծվի մի պատ կամ տարածք, որտեղ երիտասարդները գրաֆիտիներ կնկարեն, ցուցահանդեսներ իրականացվեն, քանի որ ժամանակի առաջխաղացման հետ մեկտեղ առաջանում են նաև արվեստի նոր ճյուղեր, որոնցից մեկն էլ հենց գրաֆիտիների արվեստն է»։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանը նշում է, որ թեեւ տեսանկարահանող սարքեր կան, սակայն մթության մեջ դժվար է տեսնել այդ ամենն իրականացնողներին: «Անկախ ամեն ինչից, եթե տեսնում եմ այդպիսի երիտասարդների, որ փորձում են պատմական-մշակութային որևէ հուշարձանի վրա գրառումներ անել կամ փչացնել, ապա անպայման նրան ասում եմ, որ չի կարելի»։

Մնում է միայն հավատալ, որ այս արձանները կամ օպերային շենքը «Գրաֆիտիների պատի» չի վերածվի:

op5 op4glx opera1