Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին պառկել է Փաստաբանների պալատի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gaspari2

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հանրային պաշտպանի գրասենյակի մոտ է եկել բողոքով։ Այսպես՝ գետնին պառկած, իր դժգոհությունն է հայտնում քաղաքական հնչեղություն ունեցող դատական նիստերի ներկա ընթացքի դեմ։  «Քաղբանտարկյալներն այսօր իրենց դիրքորոշումն են դրսևորում և նրանց նկատմամբ պարբերաբար սանկցիաներ են կիրառվում, նաև նրանց պաշտպանների նկատմամբ են սանկցիաներ կիրառում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Գասպարին։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից սանկցիաների կիրառման արդյունքում Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատավարությունից հեռացվել են պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը։ Նրանց փոխարեն հանրային պաշտպան է ներգրավվել փաստաբան Էմիլ Բեգլարյանը։  Ճիշտ է՝ վերջինս իր անմիջական պարտականություններին այդպես էլ չանցավ։ Գրեթե նույն՝ առանց ամբաստանյալների ու պաշտպանների ներկայության է ընթանում նաև Սասնա ծռերի դատավարությունը։ Վարդգես Գասպարին մեկնաբանում է.  «Ես բողոքում եմ դրա դեմ, որովհետև ամբաստանյալները՝ քաղբանտարկյալները, հայտարարել են, որ հանրային պաշտպանի աջակցությունը չեն ուզում, և պահանջում եմ, որ հանրային պաշտպանները չմասնակցեն այն դատական նիստերին»։ Վարդգես Գասպարին այս ամենից լավ հոտ չի առնում։ Հիշում է Շանթ Հարությունյանի դատավարության օրը Կենտրոնի դատարանի առաջ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին, որը ևս հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից, բայց դատական նիստերը շարունակվեցին։ Կյուրեղյանը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց։  «Հայկ Կյուրեղյանի դատավարության ժամանակ աղաղակող ապօրինություններով հանդերձ նրա և իր պաշտպանի բացակայությամբ ինչ-որ մի հանրային պաշտպան կոչված Անժելա Հոբոսյանի ներկայությունը համարելով օրենքի պահանջի բավարարում, դատեցին նրան»,- նշում է Վարդգես Գասպարին։ Ըստ օրենքի՝ հանրային պաշտպանը դատական որևէ նիստի ներգրավվում է այն դեպքերում, երբ ամբաստանյալը զրկվում է իր պաշտպանից։ Վարդգես Գասպարին էլ պնդում է՝ եթե ամբաստանյալը հրաժարվում է հանրային պաշտպանից՝ վերջինս իրավունք չունի ներկա գտնվել դահլիճում. «Ուղղակիորեն շուստրիություն են ձևակերպել, որ փաստաբանն այսպես կոչված իբր չի նստում պաշտպանի համար նախատեսված տեղում, բայց գտնվում է դահլիճում։ Հարց է ծագում, եթե այդ փաստաբանին պաշտպան չնշանակեին, ինքը կգնա՞ր այլ դատավարությունների»։ Քաղաքացիական ակտիվիստը համոզված է՝ Հանրային պաշտպանի գրասենյակն իր առաքելությունից շեղվել է. «Աշխատում է որպես դատախազության գաղտնի գործակալություն։ Փաստաբանական պալատը Հանրային պաշտպանի գրասենյակի և իշխանության հետ մանրազնին մշակել է այս սցենարը, որպեսզի յուրաքանչյուրն իր դերակատարումն ունենա  ապօրինությանն օրինականության ձև տան»։ Փաստաբանների պալատը հակադարձում է Վարդգես Գասպարիի պնդումներին։ Հանրային պաշտպանն անկախ է օրենքներով և գործի հետ առնչություն չունեցող անձն, այս դեպքում Վարդգես Գասպարին իրավասու չէ հանրային պաշտպանին որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու պահանջ ներկայացնել: Գետնին պառկելու միջոցով բողոքի արտահայտումը, ըստ Փաստաբանների պալատի, կարող է դիտարկվել միջամտություն փաստաբանական գործունեությանը, ինչն արգելված է օրենքով։   gasparii