Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աչքներին ինչ երեւա, քանդում, մոնտաժում են» (տեսանյութ)

Տնտեսություն
nairit-2

Գործադիր մարմնի  նիստի օրը, բացի  նաիրիտցիներից, կառավարության շենքի դիմաց այլ ակցիա անողներ չկան:    Գործարանի նախկին աշխատակիցները ոգեւորված են. տեղեկատվություն ունեն, որ  այսօր ստորագրվելու է «Նաիրիտ»-ում աուդիտ անցկացվելու վերաբերյալ պայմանագիր՝ «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ։ «Բանավոր պայմանավորվածություն  կա, եւ կարծում եմ, որ դրանից հետո ոչինչ չի փոխվի»,- ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»-ը, որը պատրաստ է ներդրումներ անել «Նաիրիտ»-ում,  շաբաթվա սկզբին կառավարությունում առաջադրել է  այնտեղ  տեխնիկական աուդիտ անցկացնելու պահանջը։ Շատ բան է պակասել գործարանից սնանկացման գործընթաց սկսելուց հետո. «22 հազար տոննայի  մետաղի ջարդոնի պայմանավորվածություն ունի սնանկության գործով կառավարիչը: Ի՞նչ է ստացվում, աչքներին ինչ երեւա, այդ ամբողջը պետք է քանդվի, մոնտաժվի»,- ավելացնում է Կարինե Շահվերդյանը: Նաիրիտցիները պահանջում  են կասեցնել  սնանկության գործընթացը եւ քայլեր ձեռնարկել  գործարանի վերագործարկման ուղղությամբ։ Նրանք պնդում են՝ գործարանը միշտ էլ շահույթով է աշխատել, թեեւ պատասխանատուները  հակառակ կարծիքի էին: «Կաուչուկը արտադրել են, վաճառվել է, բայց քիչ են ներկայացրել»,- ասում է  Թադեւոս Դավթյանը: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների մեծ մասն արդեն թոշակառուներ են, նրանք գիտեն, թե ինչ կանեն, եթե գործարանն աշխատի:  «Պարոն Իսրայելյանն ասաց՝ ովքեր աշխատել են, ոչ մի տարիքային  սահմանափակում չկա,  առաջին պահին կաշխատեն»,- ասում է Վեներա Ալաբեքյանը, իսկ 40 տարվա աշխատող Սուսաննա Շելյանն էլ ասում է՝  երիտասարդներին կսովորեցնի եւ իր պայքարը  կավարտի:    Նրանք համոզված են՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկմամբ Հայաստանի տնտեսությունը նոր փուլ կթեւակոխի: