Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիային Կորեան ու ԱՄՆ-ը միմյանց սպառնում են միջուկային զենքով (տեսանյութ)

Քաղաքականություն
F6D95753-DE16-4360-AB84-7A7C92030BA0_w650_r1_s

Ամերիկայի ձայն Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնում է միջուկային իր 6Օ մարտագլխիկներով։ 6 հազար 8ՕՕ մարտագլխիկ ունեցող ԱՄՆ-ը սպառնում է տապալել այդ երկրի վարչակարգը։ 1945 թվականի այս օրերին էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ատոմային երկու ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա։ Դրանից 62 տարի անց Միացյալ Նահանգներն է այսօր հայտնվել հրթիռային հզոր հարձակման ենթարկվելու վտանգի ներքո։ Հյուսիսային Կորեան ծրագրում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռով հարված հասցնել ԱՄՆ-ի տարածք համարվող Գուամին։ Փհենյանն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրեց, որ Հյուսիային Կորեան կհայտնվի այնպիսի հրի ու ցասման ներքո, ինչին աշխարհը երբեք չի եղել ականատես։ Հյուսիսին կատաղության գիրկը մղեց նաեւ իր դեմ նոր ու խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն որոշումը եւ՝ հատկապես այս հարցում Չինաստանի ու Ռուսաստանի հավանությունը։ Հյուսիսային Կորեան առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս ԱՄՆ-ին հրթիռային հարված հասցնելու նախազգուշացումներով։ Ուղիղ մեկ տարի առաջ էր, որ այն հայտարարեց, թե Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կվերածվեն ավերակների։ Ավելի վաղ՝ 2Օ13 թվականին Կիմ Ջոնգ Ունն իր ուժերին հրամայել էր նախապատրաստվել հարձակումների ընդդեմ Հարավային Կորեայի, Հավայիի ու Գուամի։ 16Օ հազար բնակչությամբ, 544 քառ. կմ տարածք ունեցող Գուամի կղզին Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմական ուժերի վերահսկողության ներքո գտնվող վերջին սահմանագծում է։ Այստեղ տեղակայված ռազմածովային ու ռազմաօդային ուժերին են պատկանում միջուկային մի շարք սուզանավեր, հատուկ գործողությունների համար նախատեսված ուժեր, ռազմավարական կործանիչների կայաններ, բալիստիկ հրթիռներին թիրախի տակ առնող հակաօդային պաշտպանության կայան։ Վերջերս էլ այստեղ են բերվել B եւ 1B տիպի Lancer մակնիշի գերձայնային ծանր կործանիչներ։ Փհենյանը շարունակ Գուամին հարվածելով է սպառնում, այս կղզու գերզինվածությունից մտահոգված, ու իրեն ֆիզիկապես ավելի մոտ գտնվելու փաստից ոգեւորված։ Երկիր, որի բռնակալ իշխանության ներքո սպառնալիքներն ավելի են ուժգնանում իր ռազմական կարողություններն ընդլայնելուն զուգահեռ։ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների տվյալներով, Հյուսիսը բալիստիկ հրթիռների վրա ունի իրենց ծավալներով փոքրացված, սակայն միջուկային հզոր, 3Օ-ից 6Օ մարտագլխիկներ։ Մեկ տարի առաջ իրականացված միջուկային վերջին փորձարկումը ցույց է տվել, որ այդ ռումբերը երկու անգամ ավելի հզոր են, քան 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբը։ Ինչպես փորձագետներից շատերն են ասում, Հյուսիսային Կորեայի դեմ նախազգուշական հրթիռային որեւէ հարված չի կարող լուրջ վնաս հասցնել այս երկրի ռազմական կարողություններին, սակայն կարող է այդ երկրի ղեկավար Կիմ Ջոնգ Ունին բերել սթափության, հավատալու համար, որ ավելի լավ է սկսել երկխոսություն, քան մտնել մի պատերազմի մեջ, որտեղ հաղթանակ տանել չի կարող, պատերազմ, որի ժամանակ այլեւս չի ունենա կենդանի մնալու հույսի նշույլ։ Սակայն այլ փորձագետներ կարծում են, որ ՝՝ինչ որ Կիմ Ջոնգ Ունի պատճառով չի կարելի որեւէ կերպ վտանգել միլիոնավոր մարդկանց կյանքը։ Միայն Հարավային Կորեայի դեմ, որտեղ ԱՄՆ-ը ունի 28 հազար թվակազմով ուժեր, Հյուսիսը մեկ ժամվա ընթացքում կարող է արձակել հրանոթային 3ՕՕ հազար արկ, որոնք կծածկեն Հարավի ուղիղ կեսը, այդ թվում 1Օ միլիոն ազգաբնակչություն ունեցող մայրաքաղաք Սեուլը։ Ռազմական մասնագետներից շատերն են ասում, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային կարողությունները կարելի է ոչնչացնել միայն այս երկրի վարչակարգը տապալելու եղանակով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը, հորդորելով Հյուսիսին ՝՝դադարեցնել այն գործողությունները, որոնք տանում են դեպի այդ վարչակարգի տապալում՛՛։ Ի պատասխան, Փհենյանը երդվում է Գուամին հրթիռային 4 հարված հասցնել մի քանի օրից: Պենտագոնը նորից է կրկնում, որ դա կլինի այդ երկիր իշխանության վերջը: