Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են կարդում հայ երեխաները (տեսանյութ)

Մշակույթ
girq

Որքանով է իրականությանը համապատասխանում տեսակետը, որ նոր սերունդը կարդալ չի սիրում և գրքին փոխարինել է ինտերնետը։  «Գիրքն ուրիշ հաճույք է»,- ասում է Մշակույթի պետական քոլեջի սան Արա Շիրմազանյանը, ով եկել էր գրանցվելու և դառնալու Խնկո-Ապոր անվան ազգային մանկական  գրադարանի հերթական ընթերցողը։ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տարեկան 17-ից 19 հազար ընթերցող ունի, իսկ սպասարկումը 200000-ն  անցնում է։ «32 տարի աշխատում եմ այս գրադարանում,- ասում է սպասարկման սրահների բաժնի վարիչ Ռուզաննա Թելունցը,- Երջանիկ եմ, որ շատ են ընթերցասեր երեխաները»։ Ինչ են նախընտրում կարդալ միջին տարիքի երեխաները։ Պարզվում է արկածային գրականություն  և ոչ միայն  Հարրի Փոտեր, այլև Սաբբատինի և Ժյուլ Վերն։ Էմմա Չուփուրյանը կարդում է չորս տարեկանից։ Բացի դպրոցական ծրագրային գրականությունից, նրան հետաքրքրում է հին աշխարհի պատմությունը։ Էմմայի ազգությամբ բելառուս մայրիկն էլ, որն ի դեպ հիանալի հայերեն է խոսում, ուրախ է, որ նման գրադարան կա և իր երեխաները գրադարանի ակտիվ այցելուներն են։ Հայ դասականներից  սիրում են  Մուշեղ Գալշոյանին,Ստեփան Զորյանին  ու Ակսել Բակունցին։ Նոր սերունդը կարդում է նաև անգլերեն ու ռուսերեն։ 52 լեզվով գրականություն ունի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։ Հիմնական սրահներին  ավելացել են նաև իրանական և չինական սրահները։ Մշակութային այս օջախը սոսկ գրադարան չէ։ Այստեղ կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ, իսկ հեքիաթի սրահում գրադարանի հեքիաթասացները կարդում են ամենափոքրիկ այցելուների համար: